«Նա վերահսկելու մոլուցք ունի». Քիմ Քարդաշյանը պատասխանել է նախկին ամուսնուն

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթն ու հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը չեն կարողանում խաղաղ ճանապարհով ամուսնալուծվել։ Նախկին ամուսիններն անցել են հրապարակային վեճերի ու փոխադարձ մեղադրանքների, սակայն, ի տարբերություն ռեփերի, Քարդաշյանը կարողանում էր զսպել իրեն` անտեսելով նախկին ամուսնու մեղադրանքներն ու կշտամբանքները, որոնք նա ներկայացնում էր հարցազրույցներում ու սոցցանցերում:

Քիմի համբերությունը հատել է, երբ Ուեսթը հրապարակավ հայտարարել է, որ իրեն դուրս չի գալիս դստեր՝ Նորթի պահվածքը։

«Քանի որ սա իմ առաջին ամուսնալուծությունն է, ես պետք է իմանամ` ինչպես վարվել այն դեպքում, երբ դուստրս իմ կամքին հակառակ TikTok-ում հրապարակում է անում»,- գրել է Ուեսթը Instagram-ում։

Քիմը պատասխանել է նրան` շեշտելով, որ նախկին ամուսնու հարձակումները հարցազրույցներում ու սոցիալական ցանցերում ավելի վիրավորական են, քան TikTok-ի ցանկացած տեսանյութ:

«Որպես մեր երեխաների մայր և հիմնական խնամակալ` անում եմ հնարավոր ամեն բան, որպեսզի պաշտպանեմ մեր դստերը, ինչպես նաև թույլ եմ տալիս, որ նա մեծահասակների հսկողությամբ իրեն դրսևորի այն միջավայրում, որում ինքն է ուզում։ Դա նրան երջանկացնում է։ Քանյեն վերահսկելու ու իրավիճակը շահարկելու մոլուցք ունի, ընդ որում՝ բացասական ձևով ու հրապարակավ, իսկ դա միայն ավելի մեծ ցավ է պատճառում բոլորին»,- գրել է նա։

Քարդաշյանը նշել է` ի սկզբանե կողմ է եղել, որ նախկին ամուսնու հետ առողջ հարաբերություններ պահպանվեն, բայց Քանյեն բարդացնում է իրավիճակը: