Արմեն Պուչինյանը միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի

Պատանի դաշնակահար Արմեն Պուչինյանը Գերմանիայում կայացած Կլարա Շումանի անվան միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի։ Հարկ է նշել, որ մրցույթին մասնակցել է աշխարհի 34 երկրներից շուրջ 379 դաշնակահար։ Նրանց գնահատել է միջազգային ժյուրին, որի կազմի մեջ ընդգրկված են ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Չինաստանից:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հաջորդիվ Արմեն Պուչինյանը մասնակցել է նաև Ավստրիայում կայացած «CLASSICALIA» Global Televised Music Competition մրցույթին: Այն առանձնահատուկ է իր կառուցվածքով. այն բաղկացած է 4 փուլից, որոնցից առաջին, երկրորդ և կիսաեզրափակիչ՝ երրորդ փուլերը անցկացվում են հեռավար, իսկ չորրորդ՝ եզրափակիչ փուլը կայանում է կենդանի կատարումներով։ Մրցույթին մասնակցել են 286 դաշնակահար, և կիսաեզրափակիչ է անցել ընդամենը յոթ մասնակից. Արմեն Պուչինյանը յոթնյակում է:

Կիսաեզրափակիչ փուլը կայանալու է ս․թ․ մարտ ամսվա ընթացքում, և երեք լավագույն մասնակիցները անցնելու են եզրափակիչ փուլ, որն էլ արդեն իսկ կենդանի կատարումներով անցկացվելու է Վիենայի Konzerthouse-ում:

Եզրափակիչ փուլը կկայանա ապրիլին և կհեռարձակվի ուղիղ միացումով մի քանի հեռուստաընկերությունների կողմից, այդ թվում՝ ԱՄՆ-ի PBS-ի: