Ամերիկյան Saul Zaentz Co. ընկերությունը որոշել է վաճառել «Մատանիների տիրակալի» և «Հոբիթի» էկրանավորման, ինչպես նաև այս ստեղծագործությունների հիման վրա խաղեր ստեղծելու իրավունքները, հայտնում է Variety-ն։
Հրատարակության համաձայն՝ ընկերությանն են պատկանում նաև հուշանվերներ արտադրելու և թեմատիկ միջոցառումներ անցկացնելու իրավունքները։
Հրատարակությունը նշում է, որ վաճառքի գործընթացը կսկսվի այս շաբաթ, որի կառավարումը վստահված է ACF Investment Bank-ին։ Ըստ կանխատեսումների՝ իրավունքների փաթեթը կարող է վաճառվել 2 մլրդ դոլարով։
Ջոն Թոլքինի «Մատանիների տիրակալը» եռերգությունը հրատարակվել է 1954-1955 թվականներին։ Էպիկական վեպը թարգմանվել է աշխարհի շատ լեզուներով և սկզբում վաճառվել մեկ միլիոն օրինակով, իսկ այսօրվա դրությամբ այն անցել է քսան միլիոնի սահմանագիծը։