Այսօր կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր արտիստ, Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Կարպիս Շամլյանը: Ցավալի լուրը BRAVO.am-ի հետ զրույցում հաստատեցին հարազատ թատրոնից:
Դերասանը փետրվարի 9-ին դարձել էր 83 տարեկան:
Կարպիս Շամլյանը ծնվել է 1939 թվականին՝ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: 1947 թվականին հայրենդարձել է, բնակվել է Լենինականում, այնուհետեւ հրավիրվել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի ստուդիա՝ առանց քննությունների։ Ուսմանը զուգահեռ նկարահանվել է «Նվագախմբի տղաները» (1960 թ.), «Ճանապարհ» (1961 թ.), «Գիշերվա ժամադրություն» (1961 թ.) եւ այլ ֆիլմերում։
1965 թվականին ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը՝ Արտաշես Հովսեփյանի արվեստանոցը։ 1964 թվականից հանդես է եկել Լենինականի պետական թատրոնում, 1971 թվականից Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան էր:
Կարպիս Շամլյանը 2008 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման, 2012 եւ 2015 թվականներին ՀԹԳՄ ոսկե մեդալ է ստացել, իսկ 2015 թվականին արժանացել է «Արտավազդ» մրցանակի: