«Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի ներկայացուցչի անունը հայտնի կդառնա մարտի սկզբին

Հանրային հեռուստաընկերությունը դեռ քննարկումների փուլում է, և հստակ չէ, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հանրային հեռուստաընկերության Հանրային կապերի և թվային հաղորդակցության ղեկավար Աննա Օհանյանը:

«Մենք դեռ չենք հասել վերջնական փուլին: Դեռ որոշված չէ մասնակցի անունը: Երբ վերջնական որոշում լինի, պաշտոնապես կհրապարակենք նրա անունը»,- նշեց Օհանյանը:

Նրա խոսքով՝ դեռ ժամանակ կա, և Հանրայինն այն օգտագործում է աշխատանքային քննարկումները վերջնական փուլ հասցնելու համար: Օհանյանն ընդգծեց՝ համացանցում տարածված տեղեկությունները, թե այս կամ այն երգիչը կամ երգչուհին են ներկայացնելու մեր երկիրը մրցույթում, իրականում  խանգարում են արտիստների հետ բանակցություններին:

Աննա Օհանյանը շեշտեց, որ մասնակցի անունը հայտնի կդառնա 2022-ի մարտի սկզբին:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ «Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանը կներկայացնի երգչուհի Rosa Linn-ը (Ռոզա Կոստանդյան)։

«Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթն անցկացվելու է Թուրինում՝ «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում: Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին, երկրորդ կիսաեզրափակիչը՝ մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակիչում: