Քեմբրիջի դուքս արքայազն Ուիլյամը պատմել է, թե ինչպես է ամուսնության առաջարկ արել իր կնոջը՝ Քեյթ Միդլթոնին։ Այս մասին գրում է Mirror-ը։
Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել 2010 թվականի աշնանը Քենիա իրենց ուսանողական ճամփորդության ժամանակ։ Զույգը քայլելիս է եղել Ռոտունդու լճի մոտով, հենց այդ պահին էլ արքայազնը հասկացել է, որ ճիշտ պահը եկել է։
«Մենք մենակ լինելու շատ ժամանակ չունեինք, ուստի ես որոշեցի, որ դա ճիշտ պահն է: Մենք որոշ ժամանակ առաջ քննարկել էինք ամուսնության թեման, այնպես որ դա նրա համար մեծ անակնկալ չէր: Ես գտա մի գեղատեսիլ վայր Քենիայում և արեցի առաջարկությունը»,- պատմել է Քեմբրիջի դուքսը:
Նա նաև հավելել է, որ պատահական չէ, որ ընտրել է Աֆրիկան նման նշանակալի իրադարձության համար։
«Աֆրիկան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իմ սրտում: Հայրս ինձ և եղբորս բերեց այստեղ՝ մեր մոր մահից անմիջապես հետո: Երբ որոշում էի, թե որտեղ ամուսնության առաջարկություն անեմ, ես չէի կարող մտածել ավելի լավ տեղ, քան Քենիան՝ մի ծնկի իջնելու համար: Այս վայրն ինձ համար շատ թանկ է, Քեյթը՝ ևս: Ես հավաքեցի նրանց միասին: Դա ինձ համար միջոց էր համոզվելու համար, որ մայրս բաց չի թողել նշանադրությունս»,- ասել է Քեմբրիջի դուքսը:
Նշենք, որ թագավորական զույգը ծանոթացել է 2001 թվականին Սենտ Ջեյմսի համալսարանում։ Մեկ տարի անց նրանք սկսել են հանդիպել։ 2004 թվականին զույգը կարճ ժամանակով բաժանվել է։ Սակայն 2010 թվականի աշնանը Ուիլյամը մատանի է նվիրել իր սիրելիին, 2011 թվականի գարնանը նրանք ամուսնացել են։