Էլթոն Ջոնի մասնավոր ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնի մասնավոր ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Բրիտանիայում՝ ավելի քան 3 000 մետր բարձրության վրա հիդրավլիկ համակարգի խափանումից հետո, հաղորդում է The Sun թերթը։

Էլթոն Ջոնը երկուշաբթի օրը Անգլիայի հարավում գտնվող Ֆարնբորո օդանավակայանից թռել է Նյու Յորք, որտեղ նախատեսված էր հանարճանաչ երգչի համերգը։

Մեկ ժամ թռիչքից հետո օդաչուները հիդրավլիկ համակարգի խափանում են արձանագրել և ինքնաթիռը շրջել են հետ՝ դեպի Ֆարնբորո։ Վթարի մասին ահազանգից հետո օդանավակայանում մեծ թվով հրշեջներ և փրկարարներ են հավաքվել։

Ականատեսները հայտնում են, որ մոտ 90 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ինքնաթիռը վերադառնալուց հետո միայն երրորդ անգամից է կարողացել վայրէջք կատարել։ Ինքնաթիռի վայրէջքը բարդացնում էր ուժեղ քամին, որը հասնում է 130 կմ/ժամի։ Նշվում է, որ այդ պահին տարածաշրջանում մոլեգնում էր «Ֆրանկլին» փոթորիկը։

Ավիամիջադեպը 74-ամյա Էլթոն Ջոնին չի խանգարել ուրիշ չվերթ ընտրել դեպի Նյու Յորք։ Ծրագրված համերգը կայացել է երեքշաբթի երեկոյան։