«Քարնեգի հոլը»-ը չեղարկել է Գերգիևի և Մացուևի ելույթները

Նյու Յորքի հանրահայտ «Քարնեգի հոլ» համերգասրահը հայտնել է, որ ռուս հայտնի դիրիժոր Վալերի Գերգիևն այս շաբաթբա ընթացքում  չի ղեկավարի Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը երեք համերգով, նրան կփոխարինի կանադացի Յանիկ Նեզե-Սեգենը։

ՏԱՍՍ-ը, հղում անելով համերգասրահի կայքին, գրում է, որ «Քարնեգի Հոլը» և Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբն այսօր համատեղ հայտարարել են, որ Յանիկ Նեզե-Սեգինը կփոխարինի Վալերի Գերգիևին փետրվարի 25-ից մինչև փետրվարի 27-ը նախատեսված համերգներին։ Բացի այդ, հաղորդվում է, որ փետրվարի 25-ին կայանալիք համերգին ռուս դաշնակահար Դենիս Մացուևի մասնակցությունը չեղարկվել է։ Նրա փոխարեն նվագախմբի հետ ելույթ ունեցող դաշնակահարի անունը կհայտարարվի ավելի ուշ։

Համերգների կազմակերպիչները ոչ մի կերպ չեն բացատրել Գերգիևին Նեզե-Սեգենով փոխարինելու պատճառը։

Ավելի վաղ Միլանի «Լա Սկալա» թատրոնը Գերգիևից պահանջել էր հանդես գալ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը խաղաղ ճանապարհով կարգավորելու կոչով, հակառակ դեպքում դա կարող է հեռացնել նրան «Պիկովայա դամա» օպերայում ելույթներից, որը բեմում է լինելու մարտի 5-13-ը։