«Բեթմենի» դերասանը կոչ է արել ֆիլմը վերադարձնել ռուսական կինովարձույթ

Ամերիկացի դերասան Ջեֆրի Ռայթը, որը նոր «Բեթմենում» մարմնավորել է կոմիսար Գորդոնին, ասել է, որ անհրաժեշտ է ֆիլմը վերադարձնել ռուսական կինովարձույթ, այս մասին գրում է AP Entertainment-ը։

Ըստ նրա՝ այս ֆիլմը «կոռուպցիայի մասին է, համակարգի ամենավերին օղակում կատարվող քաղաքական չարագործությունների, իրենց ղեկավարների կողմից լքված քաղաքացիների մասին»։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանում մարդիկ պետք է կարողանան տեսնել ամերիկյան պատմությունները։

«Թող նրանք տեսնեն այն ամենը, ինչ մենք արտահայտում ենք մեր ազատության միջոցով»,- ասել է Ռայթը:

Ավելի վաղ ամերիկյան կինոստուդիաները սկսել էին հրաժարվել Ռուսաստանում իրենց ֆիլմերի թողարկումներից։ Մասնավորապես, Warner Bros.-ը պաշտոնական պրեմիերայից մեկ օր առաջ չեղարկել է «Բեթմենի» ֆիլմի թողարկումը ռուսական կինոթատրոններում, իսկ Netflix հոսքային ծառայությունը հրաժարվել է հեռարձակել 20 ռուսական ալիք։