Մերիլին Մենսոնը դատի է տվել իր նախկին հարսնացուին

Անցյալ տարի Էվան Ռեյչել Վուդը հայտնել էր, որ իր նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարվել Մերիլին Մենսոնի կողմից: Այնուհետև դերասանուհին պատմել է, որ 2007 թվականին «Heart-Shaped Glasses» տեսահոլովակի նկարահանման հրապարակում իրենք երաժշտի հետ միասին պետք է նկարահանեին անկողնային տեսարանի իմիտացիա, բայց իրականում երգիչը ստիպել էր աղջկան իրապես «խաղալ» ամբողջ նկարահանող խմբի ներկայությամբ։

«Ես պրոֆեսիոնալ դերասանուհի եմ և գիտեմ, թե ինչ է անկողնային տեսարանը: Բայց ես առաջին անգամ էի նման մղձավանջի բախվում։ Ես չգիտեի, թե ինչպես պաշտպանել ինձ կամ ասել «ոչ», քանի որ ինձ սովորեցրել են երբեք չառարկել, պարզապես պայքարել մինչև վերջ»,- ասել էր Էվան Ռեյչելը Phoenix Rising վավերագրական ֆիլմում:

Մերիլին Մենսոնը դատի է տվել դերասանուհուն զրպարտության համար. այս մասին հայտնում է Variety-ն։ Դատարանի փաստաթղթերում ասվում է, որ Էվան Ռեյչելը միտումնավոր ցանկանում է հեղինակազրկել երգչին: Ավելին, Մերիլին Մենսոնն դերասանուհուն մեղադրում է կարիերան «փչացնելու» համար։

Հիշեցնենք, որ երգիչը սկսել է հանդիպել Էվան Ռեյչել Վուդի հետ 2007 թվականին, երբ նա ընդամենը 19 տարեկան էր: 2010 թվականին նրանք որոշեցին ամուսնանալ, սակայն նշանադրությունից յոթ ամիս անց խզեցին հարաբերությունները։