Ի՞նչ ճակատագիր է սպասվում ռուսաստանյան վարձույթից ձեռք բերված ֆիլմերին․ արդյոք դրանք կցուցադրվե՞ն Հայաստանում

Ֆիլմարտադրողների սահմանած պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ կարող են վատ հետևանքներ թողնել  Հայաստանի կինոթատրոնների վրա. կինոթատրոններն ակնկալում են, որ իրենց գործընկեր դիստրիբյուտոր ընկերությունները կլուծեն խնդիրը։

«Երևան Մոլի» մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանը նշեց՝ մոլում գործող «Կինոպարկ» կինոթատրոնը վարձույթները ձեռք է բերում Ռուսաստանից։ Նա հավելեց, որ տարածաշրջանում ֆիլմերի դիստրիբյուտոր Ռուսաստանն է համարվում։ Պայմանագրերը կազմվել են նախօրոք, չեն պատրաստվում որևէ ֆիլմ հանել ֆիլմացանկից։ Եթե պատժամիջոցները ազդեցություն ունենան, հայաստանյան կինոդիտողները կզրկվեն մեծ էկրաններին ֆիլմեր նայելու հաճույքից։

«Մենք ամեն օր մեր գործընկեր դիստրիբյուտորների հետ կապի մեջ ենք, զարգացումներին ենք սպասում։ Այո, մենք գիտենք, որ կարող է լինեն ֆիլմեր, որոնց ցուցադրությունը մենք ամիսներ առաջ գովազդել ենք, բայց դրանք կասեցվեն։ Պաշտոնական հայտարարություն չունենք դիստրիբյուտորների կողմից։ Ենթադրում ենք, որ մոտ օրերս հստակ տեղեկություններ կստանանք»,-  «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ավագիմյանը։

Վերջինիս խոսքով՝ ռուսական ընկերությունները պարտավորվածություններ ունեն իրենց հանդեպ։ Ակնկալում են, որ այս խնդիրները հենց նրանք պետք է լուծեն։

«Լիահույս ենք, որ մեզ պիտի այլընտրանքային տարբերակներ տան և բանակցեն ստուդիաների հետ, որպեսզի  Հայաստանում ֆիլմերը  ցուցադրվեն։ Այս տարբերակը կյանքի կոչելու համար մեր դիստրիբյուտորը պետք է բանակցի»,- նշեց նա։

Ավագիմյանի խոսքով՝ չեն կարող քննարկել ֆիլմերը անգլերեն տարբերակով ցուցադրելու հարցը։ Վստահեցնում է՝ հնարավոր չէ ուղիղ ֆիլմարտադրողներից անգլերեն տարբերակով ֆիլմեր վերցնել։

«Մոսկվա» կինոթատրոնի մարքեթինգի գծով փոխտնօրեն Անահիտ Խաչատրյանի խոսքով՝ արդեն մտածում են այլընտրանքների մասին։ Դրանք շատ չեն, եթե պատժամիջոցները Հայաստանի վրա էլ ազդեն, խնդրի առաջ են կանգնելու։ Վստահեցնում է՝ նոր համագործակցություններ գտնելն այդքան էլ հեշտ չէ։

«Վստահ ենք մեր գործընկեր դիստրիբյուտոր կազմակերպությունները այլընտրանքային տարբերակ իրենց կողմից ևս կունենան։ Հիմա միայն կանխատեսումներ կարող ենք անել, իսկ գործողությունները բացառապես պաշտոնական հաղորդագրություն ստանալուց հետո ենք նախատեսում»,- նշեց Խաչատրյանը։

Վերջինս, անդրադառնալով համացանցում տարածված այլընտրանքային տարբերակներին նշեց, որ անգլերեն տարբերակով ֆիլմեր վաղուց են ցուցադրվում կինոթատրոններում։ Անգլերեն տարբերակով ուղիղ ֆիլմարտադրողից ֆիլմերը գնելը, նրա գնահատմամբ՝ ֆանտազիայի ժանրից են:

«Եթե լավագույն սցենարի դեպքում մենք հասնենք նրան, որ ուղիղ ֆիլմարտադրողից անգլերենով ֆիլմեր կարողանանք ձեռք բերել, հանդիսատեսի կրճատում կունենանք։ Ենթագրերով ֆիլմերին ևս նույն ճակատագիրն է սպասվում»,- ընդգծեց Խաչատրյանը։

Նա վստահեցրեց՝ Հայաստանում ֆիլմերը թարգմանելը ձեռնտու չէ. Հայաստանի  շուկան փոքր է, իսկ գործընթացը ճիշտ և գրագետ կազմակերպելու համար մեծ ներդրումներ են պահանջվում։