Ալլա Պուգաչովան և Զեմֆիրան լքել են Ռուսաստանը

Ռուսաստանյան մի շարք Telegram-ալիքներ հայտնել են, որ Ալլա Պուգաչովան, Զեմֆիրան և Ռենատա Լիտվինովան լքել են Ռուսաստանը։ Նրանք դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունը։

Ալլա Պուգաչովային նկատել են «Վնուկովո-3» օդանավակայանում՝ ռուս-ուկրաինական հակամարտության սկսվելուց մի քանի օր անց։ Թե կոնկրետ ուր է գնացել երգչուհին, հայտնի չէ։ Ինչպես նշել է «НеМалахов» Telegram-ալիքը, երգչուհու հետ են եղել նաև երեխաները։ Տեղեկություններ չկան, թե արդյոք Մաքսիմ Գալկինը թռել է նրանց հետ։ Հայտնի է, որ Պուգաչովան սարսափում է թռիչքներից՝ նույնիսկ շրջագայության ժամանակ նա միշտ գերադասում էր գնացքով ճանապարհորդել։

Երկիրը լքել են նաև Ռենատա Լիտվինովան ու Զեմֆիրան, ովքեր մեկնել են Ֆրանսիա։ Այս մասին հայտնում է «Только никому» Telegram-ալիքը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

«Ռենատա Լիտվինովան և Զեմֆիրան թռել են Փարիզ։ Ինչ-որ մեկը Ռուսաստանից դեռ կարողանում է հայտնվել այնտեղ, պարզվում է։ Չեմ ուզում գրել «լքել Ռուսաստանը»: Տարբերակ կա, որ նրանք, ինչպես Սոբչակը, գնացել են հանգստանալու»,- գրում է ալիքը և հավելում, որ միգուցե նրանք վերադառնան: