Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի «Խաղը» ներկայացումը՝ ըստ Դոն Նիգրոյի «Գորգոնները» պիեսի։ Այս մասին մեզ հայտնում են Ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունից։
«Խաղը» ներկայացումը բեմադրել է թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանը։ Սա նրա ռեժիսորական դեբյուտն է:
Հանրահայտ ամերիկյան դրամատուրգ Դոն Նիգրոյի պիեսները մեծ ճանաչում են վայելում և չեն իջնում աշխարհի շատ թատրոնների բեմերից: Բացառություն չդարձավ նաև մեր թատրոնը, որտեղ արդեն երկրորդ ներկայացումն է բեմադրվում ըստ Դ. Նիգրոյի պիեսի:
«Խաղը» («Գորգոնները») պիեսը ներկայացնում է երկու հոլիվուդյան կինոաստղերի, որոնց տրվել է հանրության սերն ու հանրաճանաչությունը վերադարձնելու վերջին հնարավորությունը՝ միասին նկարահանվել նույն ֆիլմում: Բեմում կինոաստղն է և նրա վաղեմի մրցակցուհին: Եվ եթե Նիգրոյի պիեսում գործող անձինք կանացի դուետ են, ապա մեր ներկայացման մեջ հայտնվում է երրորդ կերպարը՝ երիտասարդ արտիստը: Դժվարին ճակատագրով տղա, որի հիշողություններն այդ երկու տաղանդավոր կանանց մասին կօգնեն ավելի լավ գլուխ հանել նրանց փոխհարաբերությունները և ճակատագրերը:
Արդյո՞ք գոյություն ունի կանանց ընկերություն: Ի՞նչ է պետք զոհաբերել հաջողության հասնելու ճանապարհին: Այս և այլ հարցերի հանդիսատեսը կստանա պատասխանները՝ դիտելով նոր ներկայացումը:
Ներկայացման դերակատարներն են Լիլիա Մուկուչյանը, Լալիտա Բուկիան, Մանվել Խաչատրյանը և Անտոն Աղաջանյանը: Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, խորեոգրաֆը` Նունե Կիրակոսյանը: Ներկայացումը նախատեսված է 18+ անձանց համար: Առաջնախաղերը կկայանան մարտի 9, 10 և 15, 16-ին: