Ով է Ռոզա Լինը և ինչու ընտրվեց «Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանը ներկայացնելու համար

Հայաստանը «Եվրատեսիլ 2022»-ին կներկայացի 21-ամյա Ռոզա Լինը: Այս լուրը ժամեր առաջ հայտնեց Առաջին ալիքը և միանգամից բոլորի քննարկման հարցը դարձավ այն հարցը, թե ով է Ռոզա Լինը, քանի որ երկտասարդ երգչուհուն հասարակության լայն շերտերը չեն ճանաչում:

Tert.am Life-ն ուսումնասիրել է Ռոզայի էջն Ինստագրամում և ներկայացնում է մի քանի փաստ երգչուհու մասին, ինչպես նաև Առաջին ալիքի պարզաբանումը, թե ինչու են ընտրել Ռոզային:

Ռոզան Վանաձորից է: Իր վերջին հրապարակման մեջ նա անդրադարձել է մասնակցությանը «Եվրատեսիլին» և նշել. «Չեմ կարող արտահայտել հուզմունքս: Հպարտ եմ, որ այս տարի ես եմ ներկայացնելու իմ սիրելի Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում»:

Առաջին Ալիքի տարածած հաղորդագրության մեջ էլ Ռոզան անդրադարձել է բոլորին անծանոթ աղջկան միջազգային մրցույթի ուղարկելու փաստին. «Դրսից նայելով՝ թվում էր, թե խաղի կանոններն իմ դեմ են. Հայաստանի փոքրիկ քաղաքից անծանոթ մի աղջիկ: Բայց նպատակների իրագործման ուժն իրական է, երբ այն զուգորդվում է քրտնաջան աշխատանքի հետ. համառություն և ինքնարտահայտում: Ես հնարավորություն ունեմ իմ երաժշտության միջոցով մարդկանց թույլ տալ զգալ իմ ներաշխարհը: Շատ հպարտ եմ, որ կարող եմ ներկայացնել իմ սիրելի երկիրը Եվրոպայի ամենամեծ բեմում»:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի խոսքով` Առաջին ալիքը շատ բարդ ընտրության առաջ է եղել, սակայն արդյունքում որոշում է կայացվել հնարավորություն տալ նորահայտ արտիստի ներկայացնել մեր երկիրը. «Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակները հիմնականում մեզ շատ հայտնի արտիստներ են եղել, մինչդեռ միջազգային այս մրցույթը լավ հարթակ է երիտասարդներին բացահայտելու, նրանց ինքնարտահայտման հնարավորություն տալու տեսանկյունից: Մենք շատ ուրախ ենք վերադառնալ եվրատեսիլյան ընտանիք նոր ասելիքով»:

Ռոզա Լինը «Նվակ» երաժշտական նախագծից է, որի հիմնադիրն ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանն է: Վերջինս 2015 թվականին Genealogy խմբով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլին»:

Հանրային հեռուստաընկերությունից հայտնում են, որ երգչուհին երաժշտությամբ զբաղվում է դեռ մանկուց, կոմպոզիտոր է և պրոդյուսեր: Պրոֆեսիոնալ երաժիշտ դառնալու ճանապարհին լուրջ ազդեցություն է ունեցել նրա պրոդյուսինգով զբաղվող «Նվակ» կոլեկտիվը:

Եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա մարտի 19-ին: