Մեկ տարի առաջ Մոսկվայի հյուրանոցից անհետացած մոդելին մահացած են գտել ճամպրուկում

Անհետացած մոդել Գրետտա Ուեդլերին մահացած են գտել ճամպրուկում: Այս մասին հայտնում է «Սթարհիթ»-ը։

Ըստ լրատվամիջոցների՝ 2021 թվականին մոդել Գրետտա Ուեդլերն անհետացել էր Մոսկվայի Լեսնայա փողոցի հյուրանոցից։ Ընկերուհին անհետացման մասին հայտնել է ոստիկանությանը։

Նրա խոսքով՝ Գրետտան 2021 թվականի փետրվարի 24-ից ի վեր չի պատասխանել զանգերին ու հաղորդագրություններին։ Նա նաև հավելել է, որ Վեդլերը հարաբերություններ է ունեցել անհայտ տղամարդու հետ։

Սպանության մեղադրանքով ձերբակալվել է 23-ամյա Դմիտրի Կորովինը։ Պարզվել է, որ Մոսկվայի հյուրանոցներից մեկում մոդելին սպանելուց հետո նա դին թաքցրել է ճամպրուկի մեջ և մեքենայով տեղափոխել Լիպեցկի շրջանի գյուղերից մեկը։ Դիակը մեկ տարի մնացել է մեքենայի մեջ։

Նշվում է, որ հանցագործն ու զոհը վաղուց ծանոթ են եղել, նրանք երկուսն էլ ծնունդով Լիպեցկից են։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գրետտան խոսել է իր ընկերոջ մասին և կիսվել, որ նա իրենից 150 հազար ռուբլի է գողացել։ Դրանից հետո տղամարդը սկսել է հետապնդել նրան ու սպառնացել հաշվեհարդար տեսնել, ինչի պատճառով Վեդլերը տեղափոխվել է Մոսկվայի հյուրանոցներից մեկը։