«Գիտեք ինչ, ես 40 եմ և պետք է անեմ դա»․ Քիմ Քարդաշյանն անկեղծորեն պատմել է Փիթ Դևիդսոնի հետ սիրավեպի մանրամասները

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն արդեն մի քանի ամիս է՝ հանդիպում է Փիթ Դևիդսոնի հետ։ Այս ամբողջ ընթացքում աստղն ամեն կերպ փորձում է անտեսել իր նոր ընկերոջ մասին հարցերը։ Սակայն այս անգամ նա բացառություն է արել:

Քիմը հյուրընկալվել է The Ellen DeGeneres Show-ին։ Հեռուստահաղորդավարուհին առիթը բաց չի թողել Քարդաշյանին հարցնելու 28-ամյա կատակերգուի հետ իր աղմկահարույց սիրավեպի մասին։ Հաղորդավարուհին շեշտել է զույգի վերջերս արված համատեղ լուսանկարները, որոնցով Քիմը կիսվել է Instagram-ում։

Այնուհետեւ հեռուստաաստղը պատմել է իրենց սիրավեպի որոշ մանրամասներ։ Նրա խոսքով՝ ինքը դեմ չէ սոցիալական ցանցերում իրենց հարաբերությունները ցույց տալուն, բայց միևնույն ժամանակ պետք է «չափը չանցնի»։ «Մենք ունենք ամենագեղեցիկ լուսանկարները, և ես կարծում եմ, որ մենք հիասքանչ զույգ ենք, բայց հետո ես ինքս ինձ ասում եմ՝ «այդքան շատ մի հրապարակիր» և վերջ»,- ասել է աստղը: Քիմը նաև հայտնել է, որ Փիթն իրեն մի քանի դաջվածք է նվիրել։

Հեռուստահաղորդավարուհին նշել է, որ Քիմի մոտ փոփոխություն է զգում։

«Կարծում եմ՝ կյանքի իմաստն այն է, որ քաջալերես ընկերներին և այն մարդկանց, ում սիրում ես: Ես մտածեցի. «Գիտե՞ք ինչ, ես 40 եմ… պարզապես պե՛տք է անեմ դա»: Գտեք ձեր երջանկությունը: Ես գնացի դեպի նա և չշտապեցի: Ես գտա նրան, և նա իրեն նույնքան լավ է զգում: Ես ուզում եմ հավերժ պահել այս զգացումը»,- անկեղծորեն ասել է Քիմ Քարդաշյանը։

Հիշեցնենք, որ Քիմը վերջերս պաշտոնապես բաժանվել է ռեփեր Քանյե Ուեսթից։ Չնայած ամուսնալուծությանը, Ուեսթը չի կարողանում հանգիստ թողնել նախկին կնոջը։ Ռեփերն անընդհատ ծաղրում է նախկին կնոջ նոր ընկերոջը. երաժիշտը լուրեր է տարածում, հրապարակավ ծաղրում կատակերգուին և նույնիսկ սպառնում: