Քեմերոն Դիասը բացահայտել է իր գեղեցկության գաղտնիքը

49-ամյա Քեմերոն Դիասը կարիերան դադարեցնելուց հետո դադարել է նաև հոգ տանել արտաքինի մասին: Դիասը բացահայտել է իր գրավիչ արտաքինի գաղտնիքը BBC-ի փոդքասթի եթերում:

«Ես էլ եմ եղել բոլոր սոցիալական պարտադրանքների զոհը, որոնց ենթարկվում են կանայք: Բացարձակ անիմաստ բաներն ինձ համար կարևոր էին թվում, և ես փորձում էի համապատասխանել հասարակության կարծիքին»,- ասել է նա։

Նորաձևության մոդելը դադարել է հոգ տանել իր արտաքինի մասին այն բանից հետո, երբ դադարել է նկարահանվել հոլիվուդյան ֆիլմերում։ Իր գեղեցկության գաղտնիքը Դիասը անվանել է մաշկի կանոնավոր խնամքից հրաժարվելը։

«Ես ոչինչ չեմ անում, դեմքս չեմ խնամում, նույնիսկ  չեմ լվանում։ Պարզվեց, որ դա անհրաժեշտ չէ»,- խոստովանել է կինը և ավելացրել, որ ընդամենը ամիսը երկու անգամ տարբեր ապրանքանիշերի դեմքի քսուքներ է քսում։