Մայլի Սայրուսը հրաշքով է փրկվել ավիավթարից

Երգչուհի Մայլի Սայրուսի ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել կայծակի հարվածից հետո, հայտնում է Rolling Stone-ը։

Սայրուսը մեկնելիս է եղել Պարագվայ՝ մայրաքաղաք Ասունսիոնում անցկացվող Asunciónico փառատոնին մասնակցելու համար, որը չէր անցկացվում 2019 թվականից ի վեր՝ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով։ «Մեր ինքնաթիռն անսպասելի ամպրոպի մեջ էր ընկել, նրան հարվածել էր կայծակը։ Ինձ հետ ճամփորդող թիմը, խումբը, ընկերներն ու ընտանիքը լավ են վթարային վայրէջքից հետո: Բայց, ավաղ, մենք չթռանք Պարագվայ»,- գրել է երգչուհին սոցիալական ցանցերում։

Ասունսիոնը վերջին օրերին տուժել է հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներից: Փառատոնի կազմակերպիչները, եղանակի հետ կապված տեխնիկական դժվարությունների պատճառով արդեն չեղարկել են փառատոնի առաջին օրը, որտեղ պետք է ելույթ ունենային Foo Fighters-ը, Doja Cat-ը և Machine Gun Kelly-ն։