Հայտնի հյուրերից և հաղթողներից մինչև ամուսնության առաջարկություն․ կայացավ Արտավազդ մրցանակաբաշխությունը

Երեկ՝ մարտի 27-ին՝ Թատրոնի համաշխարհային օրը, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը: Այն այս տարի նվիրված էր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին:

Միջոցառման սկզբում Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն իր խոսքում նշեց, որ համոզված է՝ մրցանակաբաշխությունը մեկ անգամ ևս կհաստատի հայ ժամանակակից թատրոնի հետաքրքիր զարգացումները և արդեն հայտնի անունների կողքին կներկայացվեն նոր ու հետաքրքիր դեմքեր:

Հակոբ Ղազանչյանն իր խոսքում հիշեց նաև վերջին մեկ տարում կյանքից հեռացած թատերական գործիչներին։

Միջոցառմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Քաղաքապետը  շեշտեց, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես կանգնած է թատրոնի և թատերական բոլոր կազմակերպությունների կողքին։ Քաղաքապետի խոսքով՝ իրենք մշտապես սատարելու են թատրոնի զարգացմանը  և այդ ուղղությամբ արդեն մի շարք քայլեր են իրականացրել: «2021-2022-ին սկսվել են Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի հիմնանորոգման աշխատանքները, որին զուգահեռ նախատեսված է տեխնիկական հագեցվածության աշխատանքների իրականացում: Առաջիկայում ավարտին կհասցնենք Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնանորոգման աշխատանքները»,-մանրամասնեց Հրաչյա Սարգսյանը:

Հիմնական անվանակարգերից առաջ հանձնվեցին հատուկ մրցանակներ:

Ավետ Ավետիսյանի անվան հատուկ մրցանակի արժանացավ Արմեն Մարությանը:

«Թատերարվեստին անբասիր ծառայության համար» «Արտավազդ» մրցանակներ շնորհվեցին Ջուլիետա Բաբայանին, Հարություն Մովսիսյանին, Հայկուհի Խուդավերդյանին, Տիգրանուհի Տեր-Մարկոսյանին և Սվետլանա Կոնստանտինովային:

«Արտավազդ» հատուկ մրցանակի արժանացան Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնը և Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Մաուգլի» ներկայացումը:

«Արտավազդ» մրցանակաբաշխության բոլոր մրցանականերն ու մրցանակակիրները․

Երաժշտական կատարումներով հագեցած մրցանակաբաշխությանը «Լավագույն մանկական ներկայացում» անվանակարգում մրցանակի արժանացավ Աղասի Մելքոնյանի «Կոկորդիլոսը» (Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն):

«Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում հաղթեց Էվա Խաչատրյանը՝ «Հինգ պատմություն սիրո մասին» բեմադրության մեջ կնոջ դերի համար (Կամերային թատրոն):

«Լավագույն երիտասարդ դերասան» ճանաչվեցին Հարություն Սարգսյանը՝ «…և նորից Գարուն» բեմադրության մեջ Մաքի դերի համար (Ս. Սարգսյանի անվ. համազգային թատրոն) և Գոռ Համբարձումյանը՝ «Սկապենի արարքները» ներկայացման մեջ Արգանտի դերի համար (Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոն):

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում հաղթեց Մերի Սարգսյանը՝ «Ճախրող լամպը» բեմադրության համար (Ս. Սարգսյանի անվ. համազգային թատրոն):

«Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում մրցանակի արժանացավ Սամսոն Մովսեսյանի «Երեք քույր» բեմադրությունը (Հ. Թումանյանի անվ. տիկնիկային թատրոն):

«Լավագույն թատերագիտական հոդված» համարվեց Քրիստինե Պողոսյանի «Հաջողված թռիչք»-ը:

«Լավագույն սցենոգրաֆիա և զգեստների նկարիչ» անվանակարգում «Արտավազդի» արժանացավ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանը՝ Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնում բեմադրված «…և նորից Գարուն» ներկայացման համար:

«Երաժշտության լավագույն հեղինակ» անվանակարգում հաղթեց Վահե Գրիգորյանը՝ Կամերային թատրոնի «Կեսարի խրախճանքը» բեմադրության համար:

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» համարվեց Էդգար Քոչարյանը՝ «Երկիր հայրենի» բեմադրության մեջ Վեստ Սարգսի դերի համար (Վանաձորի Հ.Աբելյանի անվ. դրամատիկական թատրոն):

 «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում «Արտավազդը» տրվեց Արմինե Անդրեասյանին՝ «…և նորից Գարուն» ներկայացման մեջ միսս Մարթայի դերի համար (Ս. Սարգսյանի անվ. համազգային թատրոն) և Հասմիկ Սուվարյանին՝  Գյումրու Վ. Աճեմյանի անվ. թատրոնի «Մաուգլի» ներկայացման մեջ Բագիրայի դերի համար:

«Լավագույն դերասանուհի» ճանաչվեցին Մարիամ Ղազանչյանը՝ Հ. Թումանյանի անվ. տիկնիկային թատրոնի «Երեք քույր» ներկայացման մեջ Մաշայի դերի համար և Ելենա Վարդանյանը՝ Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոնի «Գարդենիա» ներկայացման մեջ առաջին կնոջ դերի համար:

«Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակների արժանացան Արթուր Կարապետյանը՝ Հ.Պարոնյանի անվ. թատրոնի «Ներոն և Սենեկա» ներկայացման մեջ Ներոնի դերի համար և Սենիկ Բարսեղյանը՝ Կամերային թատրոնի «Կեսարի խրախճանքը» բեմադրության մեջ Ներոնի դերի համար:

«Լավագույն պլաստիկ ներկայացում» անվանակարգում հաղթեցին «Նարեկ» պարային համույթի «#44»-ը, որի խորեոգրաֆներն են Արման Ջուլհակյանն ու Արա Ասատուրյանը և Մնջախաղի թատրոնի «ՍինSIN»-ը, որի բեմադրիչը Կարեն Խաչատրյանն է:

«Լավագույն ներկայացում» ճանաչվեց Կամերային թատրոնի «Համլետ» ներկայացումը, որի բեմադրիչը Արա Երնջակյանն է:

Այս տարվա «Արտավազդ»-ն առանձնահատուկ էր նաև նրանով, որ ներկաներն ականատես եղեն ամուսնության գեղեցիկ առաջարկության։ «Համլետ» ներկայացման համար բեմ բարձրացած Արա Երջանկյանին ուղեկցում էին նաև ներկայացման մեջ զբաղված դերասանները: Թատրոնի դերասան և երիտասարդ ռեժիսոր Դավիթ Աբրահամյանը հենց բեմում ամուսնության առաջարկություն արեց դերասանուհի Ժաննա Քոչարյանին, որն, իհարկե, զսպելով հուզմունքն, ընդունեց առաջարկը:

Հավելենք, որ մրցանակաբաշխությունն անցկացվեց Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի Հանրային հեռուստաընկերության աջակցությամբ:

Հեղինակ՝ Լուս Ավագյան
Լուսանկարները՝ Վահրամ Մելքումյանի