Ուիլ Սմիթի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել հաղորդավարին ապտակելու պատճառով

Կինոարվեստի և գիտության ակադեմիան կարգապահական վարույթ է հարուցել դերասան Ուիլ Սմիթի նկատմամբ՝ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ հաղորդավարին ապտակելու հանգամանքով։

Ակադեմիան տեղեկացնում է, որ Ուիլ Սմիթը խախտել է վարքագծի չափորոշիչները և կիրառել ֆիզիկական բռնություն։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ միջադեպից հետո դերասանին խնդրել են լքել արարողությունը, բայց նա հրաժարվել է։

«Պարոն Սմիթի գործողությունները «Օսկար»-ի 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ խորապես ցնցող էին։ Պարոն Ռոք, մենք ներողություն ենք խնդրում ձեզնից այն ամենի համար, ինչ դուք զգացիք բեմում և շնորհակալություն ենք հայտնում ձեր համբերատարության համար։ Մենք նաև ներողություն ենք խնդրում հյուրերից, ժուրիից և հեռուստադիտողից կատարվածի համար», – ասվում է հայտարարության մեջ։

Խորհրդի հերթական նիստը տեղի կունենա ապրիլի 18-ին, այդ ժամանակ նրանք կարող են կիրառել մի շարք կարգապահական վարույթներ։