Շվեդ դերասան Բիլ Սկարսգարդը («It» և «It 2») «Ագռավը» գիտաֆանտաստիկ ֆիլմի նոր տարբերակում կմարմնավորի գլխավոր հերոս Էրիկ Դրեյդենին։ Այս մասին հաղորդում է Comic Book-ը։
Նախագիծը նախնական արտադրության փուլում է և կունենա 50 միլիոն դոլարի արտադրական բյուջե:
Ջեյմս Օ’Բարի համանուն կոմիքսների վրա հիմնված ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2022 թվականի ամռանը։ Ռեժիսորը կլինի Ռուպերտ Սանդերսը, ով առավել հայտնի է «Ghost in the Shell» ֆիլմի աշխատանքով: Թողարկման ստույգ ամսաթիվը դեռ չի հայտարարվել:
«Ագռավը» ֆիլմի բնօրինակը նկարահանվել է 1994 թվականին։ Ֆիլմը պատմում է Էրիկ Դրեյդենի կերպարի մասին, ով իր իսկ հարսանիքի նախօրեին ավազակների կողմից սպանվելուց հետո հարություն է առնում և անխոցելիություն է ձեռք բերում չարիքի դեմ պայքարելու համար։ Օրիգինալ նախագծի նկարահանման հրապարակում 28-ամյա Բրենդոն Լին մահացավ հրազենային վնասվածքի հետևանքով։