«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտանու Ռոնալդուն կոտրել է երկրպագուի հեռախոսը՝ ԱՊԼ-ի 32-րդ տուրում «Էվերթոնից» կրած պարտությունից հետո։
Եզրափակիչ սուլիչից հետո ֆուտբոլիստներն ուղևորվել են հանդերձարան, իսկ Ռոնալդուն, խաղադաշտը լքելուց առաջ, մրցակցի երկրպագուներից մեկի ձեռքից նետել հեռախոսն ու կոտրել այն։
Ավելի ուշ տեղեկություն է տարածվել, որ ՄՅՈՒ-ն հետաքննություն է սկսել այս գործով։
Պորտուգալացին արդեն ներողություն է խնդրել միջադեպի համար՝ երկրպագուին հրավիրելով «Օլդ Թրաֆորդում» կայանալիք իրենց խաղերից մեկին․
«Երբեք հեշտ չէ կառավարել զգացմունքները դժվար պահերին։ Այդուհանդերձ, մենք միշտ պետք է հարգալից և համբերատար լինենք՝ օրինակ ծառայելով այն երիտասարդներին, ովքեր սիրում են այս գեղեցիկ խաղը։
Ցանկանում եմ ներողություն խնդրել իմ բռնկման համար և, եթե հնարավոր է, կցանկանայի երկրպագուին հրավիրել «Օլդ Թրաֆորդում» խաղ դիտելու՝ ի նշան արդար խաղի»,- գրել է Ռոնալդուն։
Սառա Կելին՝ 14-ամյա երկրպագու Ջեյք Հարդինգի մայրն, իր հերթին պատմել է Ռոնալդուի մասնակցությամբ միջադեպի մասին, որի ընթացքում իր որդու հեռախոսն ընկել ու կոտրվել է․
«Իմ տղան նկարահանում էր «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին, ովքեր գնում էին հանդերձարան։ Հետո նա հեռախոսը փոքր-ինչ իջեցրեց, քանի որ Ռոնալդուի ոտքին արյուն տեսավ։ Ջեյքը հեռախոսն իջեցրեց, որպեսզի տեսնի, թե ինչ է տեղի ունեցել։ Նա ոչ մի խոսք չասաց։ Ռոնալդուն սարսափելի տրամադրությամբ անցավ, տղայիս ձեռքից գցեց հեռախոսնն ու գնաց։ Կապտուկներից էլ երևում է, որ եղել է հպում։ Ես պարզապես չեմ հավատում, որ հիմա խոսում եմ այս մասին։
Նա շատ վշտացած էր, հիմա էլ չի ցանկանում որևէ խաղի գնալ։ Նա ունի աուտիզմ և դիսպրաքսիա (Դիսպրաքսիան կենտրոնական նյարդային համակարգի համակցված խանգարման արդյունքում նպատակաուղղված շարժումներ կատարելու դժվարություն է)։ Նա առաջին անգամ էր ֆուտբոլային խաղի ներկա լինում։ Մինչ այդ պահը մենք հիանալի օր էինք անցկացրել, բայց ամեն ինչ փչացավ։
Ռոնալդուն կուռք է, այո՛ նա «Էվերթոնից» չէ, բայց կարևոր խաղացող է։ Տղաս անընդհատ ասում էր՝ «Ռոնալդուն այնտեղ է լինելու»։ Ռոնալդուն նրա կուռքն է։ Ես կհասկանայի, եթե Ջեյքը հեռախոսը նրա դեմքին մոտ թափահարեր, բայց նման բան չի եղել։ Նա պարզապես ցանկանում էր տեսնել, թե ինչու է Ռոնալդուի ոտքն արնահոսում։ Ջեյքն աուտիզմով հիվանդ տղա է, որը հարձակման է ենթարկվել ֆուտբոլիստի կողմից։ Որպես մայր՝ ես այսպես եմ կարծում»,- Կելիի խոսքերն է փոխանցում Liverpool Echo-ն։