Քրիս Ռոքը հրաժարվել է անվճար մեկնաբանել «Օսկար»-ի ժամանակ Ուիլ Սմիթից ստացած ապտակը

Ամերիկացի կատակերգու Քրիս Ռոքը հրաժարվել է անվճար մեկնաբանել «Օսկար»-ի մրցանակաբաշխության ժամանակ դերասան Ուիլ Սմիթի հետ կատարված սկանդալը։ Այս մասին հայտնում է The Desert Sun-ը։

Արտիստը հրաժարվել է խոսել Սմիթի ապտակի մասին, քանի դեռ գումար չի ստացել իր մեկնաբանությունների համար։

«Կյանքը գեղեցիկ է. Լսողությունս վերականգնվել է»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ դերասաններ Ուիլ Սմիթը և Քրիս Ռոքը վիճաբանել են «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ, երբ Ռոքը բեմ է բարձրացել հայտարարելու «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթողին:

Իր ելույթի ժամանակ Ռոքը կատակել է Ուիլ Սմիթի կնոջ՝ Ջադա Պինկետ-Սմիթի «զարմանալի, շատ կարճ մազերի» մասին, որը նրան հիշեցրել է «Զինվոր Ջեյն» ֆիլմը։ Ջադա Սմիթը նախկինում խոստովանել է, որ տառապում է ալոպեկիայից՝ աուտոիմուն հիվանդությամբ, որը հանգեցնում է մազաթափության։ Սմիթը սկզբում զուսպ ծիծաղել է, իսկ հետո բարձրացել է բեմ ու բռունցքով հարվածել Ռոքի դեմքին։ Այդ պահին հեռարձակումն անջատվել է։

Ավելի ուշ Սմիթն իր պոռթկման համար ներողություն է խնդրել կինոարվեստների ակադեմիայից և մյուս մասնակիցներից, սակայն ոչ Ռոքից: