Լուիզա Ներսիսյանը, Բաբկեն Չոբանյանը, Սոս Ջանիբեկյանը՝ «Պոլլի» գեղարվեստական նոր ֆիլմում

Մայիսի 5-ից Երևանում մեծ էկրաններ է բարձրանալու ռեժիսոր Արտյոմ Հարությունյանի նոր գեղարվեստական ֆիլմը՝ «Պոլլի»-ն: Համացանցում օրերս հայտնվել է ֆիլմի պաշտոնական թրեյլերը:

Ֆիլմը 12-ամյա տղայի ու նրա հավատարիմ ընկերոջ՝ շան մասին է:

Արտյոմ Հարությունյանը հանդես է եկել նաև պրոդյուսերի դերում: Վերջինիս խոսքով՝ ֆիլմը մեկ ժանրի չէ.
«Այս ֆիլմը ժանրային համաձուլում է: «Պոլլին» դրամա, դետեկտիվ, մանկական և արկածային ֆիլմ է: Հիմքում տղայի և շան պատմությունն է, սակայն շոշափվել են Հայաստանում գոյություն ունեցող կարևոր խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն: Արծարծվում են Հայաստանի բնապահպանության ու որսագողության խնդիրները: Քննադատում են Հայաստանում իրականացվող որսագողությունը՝ շեշտելով Կարմիր գրքում հայտնված կենդանիների պահպանման կարեւորությունը»,- մեզ հետ զրույցում նշեց Արտյոմը:

Հավելենք, որ ֆիլմում իսկական աստղաբույլ է: Նկարահանվել են Լուիզա Ներսիսյանը, Բաբկեն Չոբանյանը, Սոս Ջանիբեկյանը, Ռաֆայել Երանոսյանը, Արամ Կարախանյանը, Էդիկ Առաքելյանը և այլք:

Աշխատանքները մեկնարկել են փետրվարի 5-ից: «Բարդ նկարահանումներ ունեինք, քանի որ շան հետ էինք աշխատում: Հայաստանում դեռ նման բան չի նկարահանվել: Նախագծի հեղինակը ես եմ: Հավելեմ նաեւ, որ «Պոլլին» IT ոլորտում սովորող պատանիների մասին: ֆիլմի հերոսը՝ Նարեկը, ամեն ինչից ավելի երազում է, որ իր ծնողները միավորվեն ու է՛լ երբեք չբաժանվեն։ Տեխնոլոգիաներով տարված տղան գտնում է մի իսկական շուն՝ ոտքը վիրավոր: Նա վախից փախչում է: Երեկոյան Նարեկը նկատում է, որ շունն իրենց տան մոտ է: Նա խղճում է շանը, ոտքը վիրակապում ու մորից թաքուն պահում նկուղում: Տղան ու շունն ընկերանում են: Սակայն այս ամենից հետո գյուղում սկսում են տարօրինակ դեպքեր կատարվել…»,- եզրափակեց ռեժիսորը: