Ջոնի Դեփը մեկնաբանել է ձայնագրությունը, որում խնդրում է Էմբեր Հերդին վնասել իրեն

Չնայած այն հանգամանքին, որ հոլիվուդյան դերասաններ Ջոնի Դեփն ու Էմբեր Հերդն ամուսնալուծվել են 2017 թվականին, նրանք դեռ հարաբերություններ պարզելու փուլում են։ Նախկին ամուսինների միջև դատական ​​վեճերը շարունակվում են. աստղերից յուրաքանչյուրը բերում է նոր փաստեր իրենց համատեղ կյանքի մասին, որոնցից շատերն ապշեցուցիչ են:

Այս անգամ դատական ​​նիստի ժամանակ ներկայացվել է ձայնագրություն, որտեղ «Կարիբյան ծովի ծովահեններ»-ի աստղն Էմբերին խնդրում է ծակող գործիքով վնասել իրեն, որպեսզի նա կարողանա մեղմել ցավը: Այն ձայնագրվել է 2016 թվականին, երբ նախկին ամուսինները հանդիպել են Սան Ֆրանցիսկոյում։ Այդ պահին Էմբերը Դեփին մեղադրել է ընտանեկան բռնության համար։

«Ես շփոթված էի, որ նա ուզում էր ինձ հետ շփվել:  Բոլոր լուրերն այն ժամանակ այն մասին էին, որ ես, իբր, արել եմ այս բոլոր սարսափելի բաները»,- ասել է Դեփը:

Դերասանը հանդիպել է Էմբերին, քանի որ հույս ուներ, որ նա կհրաժարվի իր խոսքերից, սակայն դերասանուհին այդպիսի մտադրություն չի ունեցել։

«Ինձնից ամեն ինչ խլեցին. երեխաներս ստիպված են եղել բախվել այդ ամենին»,- պատմել է արտիստը։

Հանդիպման ժամանակ դերասանը հունից դուրս է եկել և գրպանից հանել է դանակը։ «Ես չգիտեմ, թե նրան ինչ էր պետք: Գրպանումս դանակ կար, հանեցի ու ասացի. «Ահա՛, կտրի՛ր ինձ, սա այն է, ինչ ուզում ես անել։ Ի վերջո, դու վերցրել ես ամեն ինչ: Ուզո՞ւմ ես իմ արյունը։ Վերցրու՛. խմի՛ր արյունս»։ Բայց նա հրաժարվեց»,- ասել է Դեփը դատարանում։

Հիշեցնենք, որ Դեփն ու Էմբերը սկսել են հանդիպել 2012 թվականին, ամուսնացել են 2015-ին և բաժանվել՝  2017 թվականին։ Ամուսնալուծությունից հետո դերասանուհին նախկին ամուսնուն մեղադրել է ընտանեկան բռնության մեջ։ Որպես ապացույց՝ «Aquaman»-ի աստղը ցույց է տվել կապտուկներ և քերծվածքներ։ Դեփը հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները։

Ավելի ուշ Էմբերը հոդված է գրել The Washington Post-ի համար, որտեղ նշել է, որ ընտանեկան բռնության զոհ է դարձել։ Ի դեպ, իր նյութում դերասանուհին անուններ չի նշել։ Սակայն Ջոնի Դեփը հասկացել է, որ նախկին կինը գրել է իր մասին։ Արդյունքում դերասանը Հերդի դեմ զրպարտության հայց է ներկայացրել 50 միլիոն դոլարի չափով։