Ռուսական Առաջին ալիքը Գալկինի հայտարարություններից հետո նրան փոխարինող է գտել

Ռուսական Առաջին ալիքի եթերում «Այսօր երեկոյան» («Сегодня вечером») հաղորդման նկարահանումները մի քանի ամիս է ընդհատված են, սակայն այժմ հաղորդումը վերադառնում է եթեր, բայց առանց հաղորդավար Մաքսիմ Գալկինի։ Իսրայել մեկնած շոումենին փոխարինող են գտել, գրում է starhit.ru-ն:

Փետրվարի վերջին հաղորդավարը հրապարակել էր հակապատերազմական գրառում և կնոջ՝ Ալլա Պուգաչովայի և երեխաների հետ «արձակուրդի» մեկնել Իսրայել։ Դրանից հետո հումորիստը կորցրել էր բոլոր գովազդային պայմանագրերը, ՌԴ-ում չեղարկվել էին նրա ելույթները:

Մի քանի ժամից Օստանկինոն կսկսի «Այսօր երեկոյան» հաղորդման նկարահանումները, որը երկար ընդմիջումից հետո եթեր կվերադառնա մայիսի 9-ին։ Գալկինը վարում էր ծրագիրը վերջին հինգ տարիներին՝ սկզբում Յուլիա Մենշովայի ընկերակցությամբ, հետո միայնակ։ Այժմ ղեկավարության որոշմամբ այն եթեր դուրս կգա նոր հաղորդավարով, որի ինքնությունը խիստ գաղտնի է պահվում: Շրջանառվում են Ալեքսանդր Օլեշկոյի, Նոննա Գրիշաևայի, Դմիտրի Բորիսովի և այլոց անունները։

Գալիկինն Առաջին ալիքում ևս մեկ նախագիծ ունի՝ «Բոլորից լավը», որի ճակատագիրը դեռ անհայտ է։

Օրերս Գալկինը, մեկնաբանելով Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը, հայտարարել էր, որ Ռուսաստանը վայրագություններ է անում ուկրաինական հողերում, բայց միևնույն ժամանակ իրեն անմեղ է ներկայացնում ժողովրդի աչքում։