Եթե ծաղրածու լինելն այդքան հեշտ լիներ, մեկ Ենգիբարյան չէինք ունենա. Սոս Պետրոսյան

«Մի քաղաքական գործիչը մյուսին ասում է. «Լավ կլինի գնաս ծաղրածու աշխատես կրկեսում»: Այ մարդ, ծաղրածու լինելը, որ այդքան հեշտ լիներ, մեկ Ենգիբարյան չէինք ունենա: Հայաստանը 3 միլիոն բնակչություն ունի, որից 2 հազարը քաղաքական գործիչ է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում կատակում է Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը, ապա անցնում լուրջ թեմաներին՝ ե՞րբ է կրկեսի շենքը բացվելու, այս ընթացքում որտե՞ղ են ներկայացումներ տվել, առանց կենդանիների ինչպե՞ս են խաղում, ի՞նչ պրեմիերաներ ունեն, ի՞նչ հնարավորություններ է տալու նոր կրկեսի շենքը:

Կրկեսային կյանքը՝ կրկեսի շենքից դուրս

Շատերը մտածում են, որ մի քանի տարի է՝ նոր կրկես է կառուցվում, ուրեմն մենք, կրկեսի գործիչներս պարապ նստած ենք, ոչինչ չենք անում: Մեր ժամանակավոր բեմահարթակը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնն է: Թատրոնի եւ կինոյի ինստիտուտում 5 տարի առաջ կուրս բացեցի, որի նպատակն էր պատրաստել կրկեսի մասսայական տեսարանների ռեժիսորներ: Այս տարի տեղի ունեցավ կուրսի ավարտը, որտեղ ուսանում էր նաեւ իմ երրորդ թոռնիկը՝ Հրաչ Պետրոսյանը: «Կրկեսը վառում է լույսերը» ներկայացումը, որը գնում է Պարոնյան թատրոնում, բեմադրել է թոռս: Փայլուն հանձնելով դիպլոմային աշխատանքը՝ ընդունվել է թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ասպիրանտուրա: Այդ բեմադրությամբ բեմադրիչը ուզում է ասել՝ սպասեք մի քիչ էլ, կրկեսում լույսերը կվառվի: Ներկայացումը բեմ կբարձրանա նաեւ մայիսի 21-ին:

Կրկեսային կյանքը մեզ մոտ ակտիվ է: Կրկեսին կից ունենք Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիա-դպրոց, որը հիմնադրել եմ 1972թ.-ին՝ լինելով Լեոնիդ Ենգիբարյանի միակ աշակերտը: Ենգիբարյանի մահից հետո բացված դպրոցը գործում է մինչ այսօր եւ հատկանշական է, որ ուսումը անվճար է: Ոչ մի երեխայից դրամ չենք վերցրել: Մեր շրջանավարտները ամբողջ աշխարհով մեկ ներկայացնում են կրկեսային արվեստը:

Ինչպե՞ս է կրկեսն աշխատում առանց կենդանիների:

Երբ ասում ենք՝ կրկես, հասարակությունն անմիջապես պատկերացնում է կենդանիներ, մինչդեռ Սոս Պետրոսյանի խոսքով՝ կրկեսային արվեստը բազմաժանր արվեստ է:

«Վերջերս լույս տեսավ իմ վերջին՝ 5-րդ գիրքը, նվիրված հայկական կրկեսին: Ծավալուն նկարագրում եմ կրկեսի կենդանաբանության մասին: Դուք ճիշտ եք, կրկեսն առանց կենդանիների, նույն է, եթե հաց ուտես առանց աղի, կատարյալ չի լինի առանց կենդանիների: Ավանդույթները փոխել չի լինի, առանց կենդանավարժության կրկեսը կրկես չէ: Օրենքը դուրս եկավ, որ կրկեսում վայրի կենդանիներ չպետք է լինեն, մենք սիրում ենք օրենքը, կխաղացնենք տնային կենդանիների»,-ասաց նա:

Ի՞նչ հնարավորություններ կտա կրկեսի նոր շենքը

Կառուցվելիք շքեղ կրկեսում, Պետրոսյանն ասում է, հնարավորություն կունենան իրագործել կրկեսային մյուս ժանրերը, այնպիսիք, որոնք նախկինում չեն կարողացել՝ շենքային անհարմարությունների պատճառով:

«Կրկեսն այնքան հարուստ է իր էությամբ, որ հանդիսատեսը չի զգա այս կամ այն վայրի կենդանիների բացակայությունը: Ինչպես արդեն նշեցի, մենք արդեն 5 անգամ ներկայացում ենք ունեցել Պարոնյանի թատրոնում, որտեղ խաղում են եւ՛ Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային դպրոցի լավագույն շրջանավարտները, եւ՛ պրոֆեսիոնալ դերասանները: Խաղում են ծաղրածուներ, ակրոբատներ, գիմնաստներ եւ այլն: Ես գիտական թեզ եմ պաշտպանել՝  նվիրված կրկեսին: Կրկեսը միակ տեղն է, որտեղ չկա «խալտուրա»:

Օրինակ, ուր գնաս, բոլորը դերասան են: Մեր տակի հարեւանը՝ առաջին հարկի, սերիալներում խաղում է, ասում է՝ դերասան եմ: Լավ դերասան էլ կա, վատ էլ կա, բայց որպեսզի քիչ փող ծախսեն, վերցնում են երկրորդական մասնագիտություն ունեցող մարդկանց, որ քիչ գումար տան:

Մեծն Ստանիսլավսկին, որը կրկեսային արվեստի ռեֆորմատորն էր, գրում է, որ կրկեսը միակ տեղն է, որտեղ չկա «խալտուրա»: Իր դերասանական, թատերական կուրսերին ասում էր՝ գնացե՛ք կրկեսի դերասաններից սովորեք կարգապահություն: Պատահական մարդը չի կարող ասել «ես ակրոբատ եմ», կասեմ՝ ցույց տուր, այսինքն՝ կրկեսում չկա սուտ: Թատրոնի եւ կինոյի դեպքում խաբել հնարավոր է, իսկ կրկեսի դեպքում՝ երբեք: Մեզ մոտ, եթե չունես հմտություն, եւ չես կարող ակրոբատիկա անել, չես կարող ասել դերասան եմ:

Ինչու՞ է այսքան ուշանում կրկեսի շենքի բացումը

Լավ հարց եք տալիս: Հին կրկեսը չէր համապատասխանում ստանդարտներին: Բացի այդ, ձմռանը ավելի ցուրտ էր ներսը, քան դրսում, ամռանը ավելի շոգ՝ քան դրսում, մի խոսքով դիմանում էինք: Ձմռանը մարդիկ վերարկուներով էին նստում ներկայացում նայելու: Մեծ ատրակցիոններով տեսարաններ չէինք կարողանում անել: Մեր ֆինանսավորողի շնորհիվ հիմա կառուցվում է շատ շքեղ կրկես, որի բացումը երկարում է: Մի քանի տարի է ժողովուրդը սպասում է, բայց կրկես կառուցելը այդքան էլ հեշտ չէ: Կորոնավիրուսն ու պատերազմը խանգարեց, բայց հիմա էլ տեղ չկա նահանջելու: Կրկեսը պատրաստ է, ճանապարհին են լուսային եւ ձայնային մեծ սարքավորումները, որոնք միլիոնավոր դոլարներ արժեն, 2510 աթոռ էլ նվեր ենք ստացել, որոնք հարմարեցված են հատուկ կրկեսի համար: Մեր հովանավորը՝ Սամվել Կարապետյանը, խոստացել է այն ամենը, ինչ վերեւում նշեցի: Կրկեսի բացման ժամկետները նախատեսվում է մինչեւ այս տարվա վերջ՝ ըստ համաձայնեցված պայմանագրերի:

Կան ակրոբատիկ, մասսայական, գիմնաստիկական օդային ներկայացումներ, որ հին կրկեսում հնարավոր չէր: Առաջ կրկեսի բարձրությունը 18 մետր էր, հիմա 26 մետր է: Ամեն ինչ արվել է այնպես, որպեսզի մենք կարողանանք ցանկացած տիպի ներկայացում կազմակերպել՝ կրկեսը սառույցի վրա, կրկեսը ջրի մեջ: Ճիշտ է բացումը երկարում է, բայց մի քիչ էլ սպասեք եւ կունենանք շքեղ կրկես: