«Ուռած շրթունք, աչքի տակ կապույտ». Ջոնի Դեփի թիկնապահը դատարանում վկայություն է տվել Էմբեր Հերդի դեմ

Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփի թիկնապահ Մալքոլմ Քոնոլին ներկայացել է դատարան՝ Դեփի նախկին կնոջ՝ դերասանուհի Էմբեր Հերդի դեմ վկայություն տալու։ TooFab հրատարակության տվյալներով՝ անվտանգության աշխատակիցը զույգի ամուսնության ժամանակ արտիստի ստացած վնասվածքների մասին է խոսել:

Ըստ Քոնոլիի, նա երբեք չի տեսել ֆիզիկական բախումներ ամուսինների միջև, բայց հաճախ է լսել Հերդի գոռոցը և իրեր նետելը:

«Սկզբում նա երբեմն էր լինում քերծվածքներով, հետո դրանք սկսեցին ավելի հաճախ երևալ։ Նրա վրա միշտ հետքեր կային, հիմնականում դեմքի ձախ կողմում, վզի վրա, հիշում եմ՝ ուռած շրթունք, աչքի տակ կապույտ։ Սա ավելի ու ավելի հաճախ էր լինում։ Միգուցե ոչ ամեն շաբաթ, բայց լինում էր»,- ասել է Քոնոլին:

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ արտիստի կտրված մատի հետ կապված միջադեպի ժամանակ Հերդը, իբր, բղավել է, վիրավորել և վռնդել է Դեփին, երբ թիկնապահը փորձել է օգնել աստղին և հեռացնել նրան դեպքի վայրից։

Ներկայում Հերդը և Դեփը դատի են տվել միմյանց զրպարտության գործով: Ապրիլին «Կարիբյան ծովի ծովահենների» աստղը 50 միլիոն դոլարի հայց է ներկայացրել նախկին կնոջ դեմ՝ 2019 թվականին The Washington Post-ում հեղինակած հոդվածում ընտանեկան բռնության մասին անուղղակի ակնարկելու համար: Դերասանուհին հակընդդեմ հայց է ներկայացրել 100 մլն դոլարի չափով։

Նախորդ դատը, որը Դեփը հարուցել էր The Sun-ի դեմ, ավարտվել է դերասանի պարտությամբ։ Նա դատական ​​հայց էր ներկայացրել բրիտանական թերթի սեփականատեր Դեն Ուոթոնի դեմ՝ 2018 թվականին հրապարակված հոդվածի համար, որտեղ դերասանը մեղադրվում էր նախկին կնոջը ծեծելու համար, որի հետևանքով նա կորցրել է իր աշխատանքային պայմանագրերից շատերը։