Ferrari-ին Ջասթին Բիբերին արգելել է վարել կամ գնել իտալական ընկերության մեքենաները

Գերշքեղ մեքենաների արտադրությամբ զբաղվող իտալական Ferrari ընկերությունը կանադացի փոփ երգիչ Ջասթին Բիբերին ներառել է «սև ցուցակում», ինչը նշանակում է, որ աստղին արգելվում է վարել կամ գնել այս ապրանքնանիշի փոխադրամիջոցները:

Ինչպես գրում է Luxury Launches-ը, այս մասին հայտնել է իտալական Il Giornale պարբերականը՝ մանրամասնելով, որ Ferrari-ի ղեկավարությանը հունից հանել է այն, թե որքան վատ է երգիչը վարվում մեքենաների հետ, ինչը խախտում է ընկերության՝ սեփականատիրոջը վերաբերող կանոնները:

Դժգոհության պատճառներից առաջինն այն է, որ Բիբերը Բևեռլի Հիլզում երեկույթներից մեկից հետո մոռացել է՝ որտեղ է կայանել իր Ferrari-ն, ինչի արդյունքում այն մի քանի շաբաթ նույն վայրում լքված է մնացել:

Բացի այդ, Բիբերը խախտել է կանոնները՝ առանց ընկերության հետ համաձայնեցման ձևափոխելով Ferrari 458 Italia F1 Edition մոդելը, ինչպես նաև, կրկին առանց նախնական համաձայնեցման, աճուրդի է հանել իր Ferrari-ներից մեկը: