Կիրկորովը ներողություն է խնդրել խաչի վրա պարային համարի համար

Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հրապարակային ներողություն է խնդրել խաչի վրա պարային համարի համար։ Արտիստը Instagram սոցիալական ցանցում հայտնել է, որ չի ցանկացել որևէ մեկին վիրավորել:

Անցած շաբաթավերջին Կիրկորովը մեծ համերգով նշել էր իր 55-ամյակը Կրեմլի պալատում։ Երգչի հանգուցյալ մորը նվիրված «Մարիա Մագդալենա» երգի կատարման ժամանակ բեմում հայտնվել է մի մեծ սպիտակ խաչ, որը շրջված է եղել կողքի վրա։ Ներկայացման ժամանակ արտիստը բարձրացել է դրա վրա և պարել։ Դրանից հետո համացանցում սկանդալ է բռնկվել՝ հայտնի կատարողին մեղադրել են եկեղեցու նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ։

«Ես նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ ինչ-որ մեկին կվիրավորեմ, և առավել ևս՝ դիտավորյալ չէի ծրագրել վիրավորել ինչ-որ մեկի զգացմունքները»,- ընդգծել է Կիրկորովը։ Նա նշել է, որ ինքը չար միտում չի ունեցել համարը ծրագրելիս։ «Ինձ համար՝ որպես հավատացյալի, կրոնական սրբավայրերը չափազանց կարևոր և հարգված են: Այն ամենը, ինչ տեղի է ունեցել բեմում, բացառապես ֆանտաստիկ պատմություն է»,- գրել է նա։

Ուղերձի վերջում Կիրկորովը ներողություն է խնդրել բոլոր նրանցից, ում զգացմունքները վիրավորել է՝ առանց դա ցանկանալու։