Ես մարդ եմ, ով իր կարծիքը երբեք չի թաքցնում՝ առավել ևս վախից ելնելով ․ Ժաննա Բուտուլյանը` հետևորդների հետ անկեղծ լինելու և ընդդիմության ակցիաներին մասնակցելու մասին

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանն, ով տևական ժամանակ է՝ չի նկարահանվում հեռուստասերիալներում, ակտիվ է ինստագրամյան իր էջում։

«Ես մարդ եմ, ով իր կարծիքը երբեք չի թաքցնում և չի թաքցրել՝ առավել ևս վախից ելնելով։ Վստահաբար, ավելի լավ է ինձ հետևի 10 հոգի, բայց սիրելով, հարգելով ու ճանաչելով իմ տեսակը, գնահատելով հենց իմ անկեղծությունն ու ուղիղ ասելու հատկությունը։ Մեր հասարակությունը չի ասում տականքին՝ դու տականք ես, մարդիկ վախենում են չար մարդկանցից, վատին ոչինչ չեն ասում, որ նա իրենց չվնասի, բայց վատի հետ դեմ դիմաց ու աչքերին նայելով պետք է պայքարես»,- Tert.am Life-ին ասել է Ժաննա Բուտուլյանը։

Ժաննա Բուտուլյանը նաև անդրադարձավ այս շրջանի քաղաքական իրադրությանը և իր ակտիվ մասնակցությանը ընդդիմադիր թևի անհնազանդության ակցիաներին։

«Այն, ինչ ես անում եմ, չի կոչվում քաղաքականությամբ զբաղվել, երևույթների տարանջատման խնդիր ևս ունենք մեր հասարակության մեջ, քանի որ զբաղվել քաղաքականությամբ ու մտահոգվել հայրենիքի ճակատագրով խիստ տարբեր են։ Ես ուզում եմ ապրել իմ հայրենիքում և հենց այստեղ կառուցել իմ ապագան՝ չցանկանալով լքել իմ հայրենիքը ստիպված, հետևաբար ես պետք է մտածեմ վաղվա օրվա մասին։ Շատերը ցանկանում են, որ ամեն բան պետք է լավ լինի, իսկ դրա համար պետք է գործել»,- նշել է դերասանուհին։

Նրա խոսքով, չնայած ակտիվ մասնակցությանը որևէ կերպ ոչինչ չի փորձում քարոզել։
«Ես որևէ կերպ ոչինչ չեմ քարոզում, աշխատում եմ շատ զգույշ լինել ու չդրդել որևէ գործողությունների և չեմ պարտադրում իմ կարծիքը որևէ մեկին, ես ընդամենը բարձրաձայնում եմ իմ կարծիքը, իսկ դատողություններն ու հետևությունները թողնում եմ մարդկանց։ Վատ մեկնաբանություններ գրողներից մի քանիսին անձամբ պատասխանել եմ, երբ նրանց անձամբ պատասխանում ես ճնշող մեծամասնությունը ներողություն են խնդրում՝ ասելով, որ նմանօրինակ մեկնաբանությունը ինձ չէր ուղղված, սա էլ ցույց է տալիս, որ նրանց պատրաստ չեն առերես քննարկել ինձ հետ իրենց կարծիքը»,- ասել է Ժաննա Բուտուլյանը։