Մայիսի 13, 14, 25-ին Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմ կբարձրանա ռուս ժամանակակից դրամատուրգ Կորնելի Աբրամցևի «Սեանս հոգեթերապևտի մոտ» կատակերգությունը, որի բեմադրիչը Արմեն Սաֆարյանն է։ Թարգմանությունը՝ Տիգրանուհի Տեր-Մարկոսյանի։
Պիեսը կատակերգական ժանրի է։ Այն մարդկային փոխհարաբերությունների, հուսահատության, միայնության և ամենակարևորը սիրո մասին է։
Ներկայացման դերակատարներն են Աշոտ Հակոբյանը, Զարուհի Խաչատրյանը, Ռոբերտ Ղամբարյանը, Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը, Սերգեյ Ոսկանյանն ու Մարիամ Գրիգորյանը։
Ներկայացման բեմանկարչության ու զգեստների հեղինակը Մայա Ավագյան է, երաժշտական ձևավորումը՝ Արթուր Կարապետյանի, պարերը՝ Արտյոմ Գևորգյանի։
Պիեսի գլխավոր հերոսուհին՝ տիկին Ելենան, հարուստ այրի կին է։ Նա իրեն միայնակ ու դժբախտ է զգում։ Մարդիկ նրա հետ հանուն շահի են շփվում, և մի օր հուսահատությունից դրդված կինը որոշում է հրավիրել բժիշկ-հոգեթերապևտի։ Կարճ ժամանակ անց նրանց մեջ սեր է ծնվում․․․ Բայց սիրուն լիովին տրվելու համար նա պետք է համոզվի, թե որքանով անկեղծ են բժշկի զգացմունքները։