Այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին, Թուրինում տեղի կունենա «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի եզրափակիչը: Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինն իր «SNAP» երգով ելույթ կունենա 8-րդ համարի ներքո: Այս մասին հայտնում է «Առաջին ալիք»-ը։
«Անչափ ուրախ եմ, որ երկամյա դադարից հետո կարողացա պատվով ներկայացնել Հայաստանն ու անցնել եզրափակիչ: Ես բազմիցս նշել եմ, որ թեև «SNAP»-ն իմ անձնական պատմությունն է, սակայն այդ հուզական իրավիճակը կարող է հոգեհարազատ լինել բոլորին: Եվ փաստորեն, եվրոպացի հանդիսատեսը հավատաց ինձ և իմ պատմությանը. շնորհակալ եմ բոլորին, որ քվեարկել են իմ օգտին: Անելու եմ առավելագույնը, որ եզրափակիչում ևս տպավորիչ ելույթ ունենամ»,- նշում է Ռոզան։
«Snap» երգի հեղինակներն են կոմպոզիտորներ՝ Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթանլը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը: Տեքստը համահեղինակել են Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթալը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը, Ջերեմի Դուսուլետը: Բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը, որոնք աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրման մեծ փորձ ունեն։