Երևանում կանցկացվի «Արմմոնո» միջազգային թատերական հոբելյանական 20-րդ փառատոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ս.թ. մայիսի 17-ից 21-ը Երևանում կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա հոբելյանական 20-րդ փառատոնը: Այս տարի փառատոնի մասնակից երկրներն են՝ Հունաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Լեհաստան, Լիտվա, Վրաստան, Ալբանիա, Ուզբեկստան. կցուցադրվի 27 մոնոներկայացում, որից 9-ը՝ միջազգային ծրագրում http://armmono.com/guests/297–2019-armmono-2019-program.html։

Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոօպերա, մոնոպար, մոնոդրամա, մոնոստենդափ, մոնոդոկ:

Մոնոներկայացումները կցուցադրվեն «Արմմոնո-Օպերա», «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Դեբյուտ» խորագրերի շրջանակում։

Կանցկացվի նաև հատուկ նախագիծ՝ համատեղ Թատրոն-Դրամա.am էլ․ կայքի հետ, որի շրջանակում նախատեսված են թատերական ընթերցումներ՝ «Սովորական մարդկանց անսովոր պատմությունները» խորագրի ներքո, որտեղ կներկայացվեն հայ դրամատուրգների գործեր։

«Արմմոնո» փառատոնի մեկնարկը կտրվի մայիսի 17-ին, ժամը 19։30-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում․ կներկայացվի Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» մոնոօպերան՝ ըստ Ժան Կոկտոյի համանուն պիեսի։

Հանրահայտ մոնոօպերայի հերոսուհուն կմարմնավորի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը։

Փառատոնի բացման արարողությանը մի խումբ թատերական գործիչներ կպարգևատրվեն «Արմմոնո XX» հուշամեդալով, որը թողարկվել է 2022թ․-ին։

Փառատոնի շրջանակում նախատեսված է նաև առցանց ներկայացման դիտում. կներկայացվի Ֆատիմա Ռեժամետովայի «Ես սիրում եմ և սիրված եմ» (Ուզբեկստան) մոնոներկայացումը՝ Լևոն Ուզունյանի ռեժիսուրայով (Վրաստան)։

Փառատոնի օրերին Երևանում ներկա կլինեն միջազգային հեղինակավոր փառատոների տնօրեններ, փորձագետներ։

Միջազգային ծրագրում հանդես կգան Ալեքսանդրաս Ռուբինովասը՝ «Իմ հայրը» (Լիտվա), Ելենա Դուդիչը՝ «Ռոմեո և Ջուլիետ կամ․․․» (Ուկրաինա), Մենտոր Զիմբարայան՝ «Համլետի երազները» (Ալբանիա), Մատեուշ Նովակը՝ «Զոհաբերություն» (Լեհաստան), Ալեքսանդր Ալադիշևը՝ «Ծիծաղելի մարդու երազը» (ՌԴ), Դեսպինա Սարաֆիդուն՝ «Մեդեա» (Հունաստան), Իրինա Մեգվինետուխուցեսին՝  «Հրեշտակի տիկնիկը» (Վրաստան) մոնոներկայացումներով:

Տեղական ծրագրում հանդես կգան ՀՀ վաստ. արտիստ  Նարինե Գրիգորյանը՝ «Գոմեշը», ՀՀ վաստ. արտիստ Սամվել Բաղինյանը՝ «Ասպետական ռապսոդիա», ՀՀ վաստ. արտիստ Ռոբերտ Հակոբյանը՝ «Վերհիշիր անունը քո», Արմեն Քուշքյանը՝  «Համլետի երազները»,  Գոռ Համբարձումյանը՝ «MENախոսություն» մոնոներկայացումներով:

Այս տարի «Արմմոնո» փառատոնը կշեշտադրի բացառապես հայ հեղինակների գործեր՝ Ե․ Չարենց, Հ․ Մաթևոսյան, Պ․ Զեյթունցյան, Ա․ Պաչյան և այլն,  որոնք կցուցադրվեն տարբեր փորձարարական թատերական հարթակներում։

Աշխարհում ընդունված և ճանաչված արդի թատերական ժանրերից՝ մոնոներկայացումը, հարազատ և սիրելի է հայ հանդիսատեսի համար: Մեծ է փառատոնի կարևորությունն և նշանակությունը հայաստանյան մշակույթի զարգացման և թատերարվեստի մոնոժանրի խթանման, ինչպես նաև միջազգային ասպարեզում հայ թատերական արվեստը ճանաչելի դարձնելու գործում:

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը բացահայտում և սիրելի է դարձնում Հայաստանը օտարերկրյա մշակութային գործիչների համար: