Եղիսաբեթ 2-րդ թագուհին 3 ամսվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ: Նրան նկատել են ձիասպորտի մրցույթում, որը տեղի է ունեցել Բերքշիրի Վինձոր ամրոցի տարածքում: Ուրբաթ օրը՝ մայիսի 13-ին, հայտնում է Sky News-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ 96-ամյա միապետին միջոցառմանը բերել են Range Rover ամենագնացով։ Թագուհու մեքենան գտնվում էր Parade Ring-ի կողքին, հարթակ, որտեղ ժոկեյները ձիերին են պատրաստում մրցարշավների համար:
Անգլիայի թագուհին դուրս չի եկել մեքենայից, այլ միայն թեթևակի բացելով ջիպի պատուհանը` նայել է, թե ինչ է կատարվում։ Միաժամանակ նա ակտիվորեն շփվել է թագավորական արքունիքի մարդկանց հետ։ Նշվում է, որ այս կերպ Եղիսաբեթ 2-րդը, մոտ գտնվելով մրցատարածքին, հնարավորություն է ունեցել դիտելու իր ձիերին։ Ենթադրվում է, որ մրցարշավներին մասնակցել են նրա մի քանի կենդանիներ։
Վինձորում ձիասպորտի մրցումները Եղիսաբեթ թագուհու սիրելի իրադարձություններից են: Նման մրցույթներն առաջին անգամ անցկացվել են 1943 թվականին։
Ավելի վաղ՝ մայիսին, հայտնի էր դարձել, որ թագուհին չի մասնակցի բրիտանական խորհրդարանի նստաշրջանի պաշտոնական բացման արարողությանը։ Նա դեռ առողջական խնդիրներ ունի։ Ենթադրվում է, որ թագուհին տառապում է ոտքերի հիվանդությամբ, ինչը դժվարացնում է նրա տեղաշարժը։ Ավանդական գահակալական խոսքը կկարդա գահաժառանգը՝ Ուելսի 73-ամյա արքայազն Չարլզը։ Թագուհին պատմության մեջ միայն երկու անգամ չի եղել խորհրդարանի բացման նիստին՝ 1959 թվականին և 1963 թվականին հղիության պատճառով։
Անգլիայի թագուհուն վերջին անգամ տեսել են մարտի 29-ին: Այնուհետև նա ժամանել է Վեսթմինսթերյան աբբայություն՝ ի պատիվ իր նախկին ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի, որը մահացել է 2021 թվականի ապրիլի 9-ին 99 տարեկան հասակում։