16 երկրների գեղեցկուհիներ Հայաստանում կմրցեն «Միսս ԱՊՀ 2022» տիտղոսի համար

Հունիսի 3-18-ը Հայաստանում երկրորդ անգամ կանցկացվի «Միսս ԱՊՀ 2022» միջազգային գեղեցկության մրցույթը, որի եզրափակիչը տեղի կունենա Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Տեղեկությունը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում հայտնեց «Միսս ԱՊՀ» մրցույթի կազմակերպիչ և հիմնադիր Նաիրի Մնացականյանը։

Նրա խոսքով` Հայաստան կժամանեն գեղեցկուհիներ ԱՊՀ երկրներից (բացառությամբ Ադրբեջանի), ինչպես նաև Վրաստանից, Լիտվայից, Լատվիայից, Էստոնիայից և Կուբայից։

Նշենք, որ Հայաստանում «Միսս ԱՊՀ» մրցույթ է անցկացվել նաև 2017 թվականին։

«Մասնակից երկրները, որպես կանոն, շատ ակտիվ են լուսաբանում իրենց ներկայացուցչի առօրյան։ Իսկ հայրենիք վերադառնալուց հետո գեղեցկուհիները բազմաթիվ հարցազրույցներ են տալիս, որոնցում խոսում են հյուրընկալող երկրի մասին։ Պետք է հաշվի առնել նաև սոցցանցերում գեղեցկուհիների հետևորդների մեծ բանակը»,- Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ նշեց Մնացականյանը։

Այն հարցին, թե ինչպիսի արձագանքներ են եղել 2017 թվականից հետո, նա պատասխանեց` շատ լավ։
«Հազարից ավելի նյութեր հրապարակվեցին տարբեր լրատվամիջոցներում, բացի այդ, մասնակիցները բազմաթիվ հրապարակումներ էին արել սոցցանցերում։ Նրանք շատ տպավորված էին Հայաստանով և մինչ օրս լուսանկարներ են հրապարակում` վերհիշելով այստեղ անցկացրած օրերը»,- ասաց նա։

Մնացականյանը հավելեց, որ մրցույթից հետո մասնակիցներից շատերը հարազատների ու ընկերների հետ եկել են Հայաստան` իրենց հանգիստն անցկացնելու։

«Միսս ԱՊՀ»-ի հիմնադիրը վստահ է, որ մրցույթը շատ արդյունավետ միջոց է երկիրն ու հայկական մշակույթը ներկայացնելու համար։

«Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի տնօրեն, «Արմմուդ Ֆեշն» նախագծի հիմնադիր Ռուբինա Գրիգորյանը նշեց, որ աշխարհի տարբեր երկրների գեղեցկուհիները Հայաստանում կմնան 15 օր։ Նրանց համար հետաքրքիր ծրագիր է մշակվել։ Աղջիկները կայցելեն Դիլիջան, Սևան, Գառնի, Գեղարդ, Տաթև, Գյումրի, որտեղ նրանց համար հատուկ միջոցառում կանցկացվի։ Նրանք Հայաստանի տեսարժան վայրեր կայցելեն պրոֆեսիոնալ զբոսավարի հետ։

Մրցույթի հաղթողին կընտրեն աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած ժյուրիի 13 անդամները: Նրանց անունները կհրապարակվեն վերջին պահին։ Իսկ արտերկրից ժամանած մասնագետները աղջիկներին 15 օր կնախապատրաստեն գալա համերգին։

««Միսս ԱՊՀ 2022»-ի առանձնահատկությունն այն է, որ հաղթող գեղեցկուհու համար հատուկ թագ է պատրաստվում, որը մնում է նրան։ Ըստ էության, դա գեղեցկուհու նվերն է։ Իհարկե, կա նաև մրցանակային ֆոնդ»,- ասաց նա։

Կազմակերպիչները ձգտում են, որ մրցույթը մշտապես անցկացվի Հայաստանում։