Գողացել են օդորակիչները. Կամերային թատրոնը մայիսի 20-ից հետաձգում է բոլոր ներկայացումները

Մայիսի 20-ից սկսած՝ Երևանի պետական կամերային թատրոնը բոլոր ներկայացումներն անժամկետ հետաձգում է:

Թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց՝ ներկայացումները հետաձգելու պատճառն այն է, որ անհայտ անձինք թատրոնի դրսի հատվածից գողացել են օդորակիչները:

«Թատրոնի ներսում գողություն չի եղել, պարզապես դրսի հատվածից երևացող օդորակիչների համակարգերն են տարել: Այդ պայմաններում, ցավոք, անհնար է ներկայացումներ խաղալ, քանի որ դահլիճում այս օրերին ահավոր շոգ է: Դիմել ենք ոստիկանություն, քննություն է ընթանում: Մենք կարող են խաղալ մեր ներկայացումները, բայց հանդիսատեսի համար շոգ դահլիճում դժվար կլինի»,- ասաց նա:

Լուսինե Երնջակյանի խոսքով՝ գողության դեպքը եղել է մայիսի 12-ի գիշերը: Չնայած տարածքում տեսախցիկների առկայությանը՝ կատարվածից շատ բան չի երևում՝ գողերը եղել են գլխարկներով:

Տնօրենը նաև հավելեց՝ թատրոնի տնօրենությունը այժմ լուծումներ է փնտրում՝ խնդիրը շտկելու համար: Որևէ նորության դեպքում հանդես կգան համապատասխան հայտարարությամբ և կհրապարակեն սպասվող խաղացանկը: