Հունիսի 2-5-ը Երևանում կանցկացվի Ժամանակավոր փառատոնը

Հունիսի 2-ին տեղի կունենա Ժամանակավոր փառատոնի բացումը։ Փառատոնը միավորելու է հայաստանյան ներկայացումներն ու պերֆորմանսները և Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Իսրայելից, Գերմանիայից մի շարք հեղինակների նախագծերը։

Կատարողական-թատերական ծրագրից բացի փառատոնի շրջանակներում անցկացվելու են հանրային քննարկումներ և զրույցներ։ Հարթակներն են լինելու Փոքր թատրոնը, Նորարար փորձառական արվեստի կենտրոնը՝ ՆՓԱԿ-ը, Babylon Theatre-ը և տարբեր բացօթյա վայրերը։ Բոլոր միջոցառումներին ներկա գտնվելու համար անհրաժեշտ է լինելու տոմս։ Փառատոնը կազմակերպված է «Քրոնոտոպ» ժամանակավոր միավորման կողմից, Փոքր թատրոնի հետ համատեղ, HIGH FEST փառատոնի և նորարար փորձառական արվեստի կենտրոնի՝ ՆՓԱԿ-ի աջակցությամբ։

Հիմնական գաղափարը ձևակերպելով՝ փառատոնի կուրատորներն ասում են․ «Թատրոնը թույլ է տալիս մարդկանց հավաքվել և միասին լինել։ Ոչ թե ձևական, օգտապաշտական առումով՝ նստատեղեր զբաղեցնել և դառնալ պարտերի մի մաս, այլ գոյաբանական առումով՝ նույն տարածության մեջ հավաքված մարդկանց հետ իրական, խորը, էական հաղորդակցման մեջ մտնել։ Միասին լինել՝ նշանակում է միասին մտածել և միասին գործել, վերստեղծել ինքներս մեզ և մեզ շրջապատող աշխարհը։ Թատրոնը կարող է դա անել, երբ մնացածն անզոր են, և պետք է շարունակի դա անել, չնայած աղետին, ցավին, ուժասպառությանը։ Թատրոնը կարող է և նորից կսկսի դա անել՝ հունիսի 2-ից 5-ը Երևանում։ Եվ դա կոչվելու է «Ժամանակավոր փառատոն»»։

Փառատոնի միջոցառումները հասանելի են 18-ից բարձր տարիքի հանդիսատեսի համար։

Փառատոնի կուրատորներն են․

Իլյա Մոշչիցկին ռեժիսոր է, 2006թ․ ավարտել է Սանկտ Պետերբուրգի թատերական ակադեմիան։ Ներկայացումներ է բեմադրել ակադեմիական, պետական թատրոններում և անկախ, փորձառական հարթակներում։
2012թ․ մասնակցել է «Транскрипция» լաբորատորիային՝ Կիրիլլ Սերեբրեննիկովի ղեկավարության տակ։ 2018թ․ արժանացել է «Прорыв» մրցանակի լավագույն ռեժիսոր անվանակարգում «Суд над Джоном Демьянюком. Холокост кабаре» ներկայացման համար։ 2022թ․ առաջադրվել է «Золотая маска» մրցանակին «Книга непокоя» ներկայացման համար։

Արտյոմ Արսենյանը պրոդյուսեր է, մարքեթոլոգ, ղեկավարել է մարքեթինգային բաժինը «Точка доступа» և «Новый Европейский Театр» փառատոններին, հանդիսանում է «Площадка» անկախ թատրոնների ֆորումի համահիմնադիր։ «Էտյուդ-թատրոնի» և «Организмы» թատրոնի ներկայացումների պրոդյուսերն է և Դանիիլ Խարմսի ստեղծագործությունների վրա հիմնված «Маршрут Старухи» փողոցային ներկայացման կազմակերպիչներից մեկը։ Նրա պրոյեկտները բազմիցս նոմինացվել են «Золотая Маска» թատերական մրցանակի։ «Точка доступа» փառատոնի «Симулятор школы» ներկայացումը 2022թ․ արժանացել է «Золотая Маска» մրցանակի։