«Արմմոնո» փառատոնն ամփոփվեց «Ասպետական ռապսոդիա» ներկայացմամբ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ս.թ. մայիսի 17-ից 21-ը Երևանում կայացավ մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա հոբելյանական 20-րդ փառատոնը: Այս տարի փառատոնի մասնակից երկրներն էին՝ Հունաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Լեհաստանը, Լիտվան, Վրաստանը, Ալբանիան, Ուզբեկստանը. ցուցադրվել է 27 մոնոներկայացում, որից 9-ը՝ միջազգային ծրագրում։

Փառատոնի ծրագրում ներառված էին բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոօպերա, մոնոպար, մոնոդրամա, մոնոստենդափ, մոնոդոկ:

Մոնոներկայացումները ցուցադրվել են «Արմմոնո-Օպերա», «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Դեբյուտ» խորագրերի շրջանակում։

Անց է կացվել նաև հատուկ նախագիծ՝ համատեղ Թատրոն-Դրամա.am էլ․ կայքի հետ, որի շրջանակում կայացել են թատերական ընթերցումներ՝ «Սովորական մարդկանց անսովոր պատմությունները» խորագրի ներքո: Ներկայացվել են հայ դրամատուրգների գործեր։

«Արմմոնո» փառատոնի մեկնարկը տրվել է մայիսի 17-ին: «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում թատերասերների դատին է հանձնվել Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» մոնոօպերան՝ ըստ Ժան Կոկտոյի համանուն պիեսի։

Հանրահայտ մոնոօպերայի հերոսուհուն մարմնավորել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը։

Փառատոնի բացման արարողությանը մի խումբ թատերական գործիչներ պարգևատրվել են «Արմմոնո XX» հուշամեդալով, որը թողարկվել է 2022թ․-ին։

Փառատոնի շրջանակում կայացել է նաև առցանց ներկայացման դիտում. ցուցադրվել է Ֆատիմա Ռեժամետովայի «Ես սիրում եմ և սիրված եմ» (Ուզբեկստան) մոնոներկայացումը՝ Լևոն Ուզունյանի ռեժիսուրայով (Վրաստան)։

Փառատոնի օրերին Երևանում էին միջազգային հեղինակավոր փառատոների տնօրեններ, փորձագետներ։

Միջազգային ծրագրում հանդես եկան Ալեքսանդրաս Ռուբինովասը՝ «Իմ հայրը» (Լիտվա), Ելենա Դուդիչը՝ «Ռոմեո և Ջուլիետ կամ․․․» (Ուկրաինա), Մենտոր Զիմբարայան՝ «Համլետի երազները» (Ալբանիա), Մատեուշ Նովակը՝ «Զոհաբերություն» (Լեհաստան), Ալեքսանդր Ալադիշևը՝ «Ծիծաղելի մարդու երազը» (ՌԴ), Դեսպինա Սարաֆիդուն՝ «Մեդեա» (Հունաստան), Իրինա Մեգվինետուխուցեսին՝ «Հրեշտակի տիկնիկը» (Վրաստան) մոնոներկայացումներով:

Տեղական ծրագրում՝ ՀՀ վաստ. արտիստ Նարինե Գրիգորյանը՝ «Գոմեշը», ՀՀ վաստ. արտիստ Ռոբերտ Հակոբյանը՝ «Վերհիշիր անունը քո», Արմեն Քուշքյանը՝ «Համլետի երազները», Գոռ Համբարձումյանը՝ «MENախոսություն» մոնոներկայացումներով:

Այս տարի «Արմմոնո» փառատոնը շեշտադրել էր բացառապես հայ հեղինակների գործեր՝ Ե․ Չարենց, Հ․ Մաթևոսյան, Պ․ Զեյթունցյան, Ա․ Պաչյան և այլն, որոնք ցուցադրվել են տարբեր փորձարարական թատերական հարթակներում։

Մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 20-րդ հոբելյանական փառատոնն մայիսի 21-ին Հայաստանի թատերական գործիչների միության դահլիճում փակվեց ՀՀ վաստ. արտիստ Սամվել Բաղինյանի «Ասպետական ռապսոդիա» ներկայացմամբ:

«Սա մի պատմություն է երախտամոռության և հյուրընկալության օրենքների խախտման մասին, երբ հանկարծահաս կիրքը կարող է հաղթել բանականությանը, և մարդը հետագա ողջ կյանքում կարող է զղջալ իր րոպեական թուլության համար»,- նշել է Ս. Բաղինյանը: