«Այլևս ոչ ոքի թույլ չեմ տա ձեզ հետ այդպես վարվել». Քիմ Քարդաշյանը ներողություն է խնդրել ընտանիքից Քանյե Ուեսթի պահվածքի համար

Ամերիկյան «The Kardashians» իրապատում շոուի նոր դրվագում Քիմ Քարդաշյանը փորձել է ընտանիքի հետ քննարկել այն, թե ինչպես է նախկին ամուսինը՝ Քանյե Ուեսթը, տարիներ շարունակ վարվել իրենց հետ։

Ընտանեկան ընթրիքի ժամանակ աստղն ափսոսանք է հայտնել, թե ինչպես է իրեն պահում Քանյե Ուեսթը վերջին տարիներին։ «Դու նրա երեխաների մայրն ես, և ըմբռնումով ես մոտեցել նրան»,- ասել է Քրիս Ջենները,- «Մի օր ձեր երեխաները կկարդան և կտեսնեն սա»: Նա հավելել է, որ մարդիկ անհարգալից են իրենց ընտանիքի նկատմամբ, և դա ցավ է պատճառում իրենց։

Քլոեն փորձել է աջակցել քրոջը՝ ասելով, որ միակ բանը, ինչի համար պատասխանատու է Քիմը, սեփական արարքներն են, և միակ բանը, ինչի համար նա երբեք չի զղջա, ուրիշների հանդեպ բարյացակամ լինելն է։

Քիմն ասել է, որ երբեք չի իջնի նախկին ամուսնու մակարդակին և ենթադրել է, որ Քանյեի վարքագծին նախորդել է նրա պայքարը երկբևեռ խանգարման դեմ և նրանց բաժանումը։

«Ես նրան այդքան երկար պաշտպանեցի, բայց ինքս ինձ խոստացա, որ երբեք թույլ չեմ տա, որ դա ձեզ հետ կրկին կատարվի»,- ասել է հեռուստաաստղը:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա փետրվարին հայտնի դարձավ, որ զույգն ամուսնալուծվում է յոթ տարվա ամուսնությունից հետո։ Ամուսնալուծությունը սկզբում բարեկամաբար էր ընթանում, մինչև որ Քանյեն մեղադրանքներ չներկայացրեց, ասելով, որ Քիմը փորձում է խանգարել իրեն տեսնել երեխաներին (զույգը չորս երեխա ունի): Քիմն այժմ հանդիպում է Փիթ Դևիդսոնի հետ, իսկ Քանյեն, կարծես, նոր հարաբերությունների մեջ է 24-ամյա մոդել Չեյնի Ջոնսի հետ։