Forbes-ը հրապարակել է ռուս միլիարդատերերի ամենահարուստ ժառանգորդների ցանկը. կնոջ ազգանունը վերցրած հայի ժառանգը14-րդն է

Forbes ամսագիրը հրապարակել է ռուս միլիարդատերերի ամենահարուստ ժառանգորդների վարկանիշը, որում ներառվել է նաև հայազգի Սերգեյ Գալիցկու (Հարությունյան) դուստրը՝ 3,3 մլրդ դոլար կարողությամբ:

Ցանկի 14-րդ տեղում «Մագնիտ» խանութների ցանցի հիմնադրի դուստրն է՝ 1995-ին ծնված Պոլինան, որը սովորել է Կրասնոդարի պետական գիմնազիայում, այնուհետ, ինչպես իր ծնողները, ավարտել է Կուբանի պետական համալսարանը «տնտեսագիտություն» ծրագրով։

Գալիցկու խոսքով՝ ինքը նախատեսում է սահմանափակ գումար թողնել դստեր ժառանգության համար։

«Նա համաձայնեց ինձ հետ: Հաջորդ սերունդը պետք է մոտիվացված լինի: Դագաղում գրպաններ չկան»,- պարզաբանել է գործարարը։

Մինչդեռ վարկանիշը գլխավորել է «Լուկօյլ»-ի խոշորագույն բաժնետեր Վագիտ Ալեքպերովի միակ որդին՝ Յուսուֆ Ալեքպերովը։

Հրատարակության տվյալներով՝ նրա ժառանգությունը գնահատվում է 21,4 միլիարդ դոլար։ Երկրորդ տեղում «ԵվրոԽիմ»-ի հիմնադիր Անդրեյ Մելնիչենկոյի դուստրն ու որդին են (11,35 միլիարդական դոլար), երրորդ տեղում են «Սիրբուր»-ի և «Նովատեկ»-ի համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնի ժառանգները (11,35 միլիարդական դոլար):

Նովոլիպեցկի երկաթի և պողպատի գործարանի գլխավոր բաժնետեր, տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինի որդիներն ու դուստրը չորրորդ տեղում են։ Մեկ երեխայի բաժինը կազմում է 8,3 մլրդ դոլար: Հինգերորդ տեղում են Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի որդին ու դուստրը (յուրաքանչյուրը 7,55 մլրդ դոլար)։

Նշվում է, որ ռուս միլիարդատերերի ամենահարուստ ժառանգորդների վարկանիշում կա 20 ընտանիք, որտեղ յուրաքանչյուր ժառանգ ունի առնվազն 2,6 միլիարդ դոլար։ Ըստ ամսագրի՝ 2022 թվականի ապրիլի 29-ի դրությամբ Ռուսաստանում եղել է 113 միլիարդատեր, որոնց ընդհանուր կարողությունը կազմում է 522 միլիարդ դոլար։

Ինչպես բացատրում է Forbes-ը, ամսագիրը միլիարդատերերի կարողությունը բաժանել է միայն օրինական երեխաների միջև։