Կայացավ «Ինքնաճանաչում․ Էրեբունի» ցուցահանդեսի բացման արարողությունը (լուսանկարներ)

Հունիսի 1-ին Գեղագիտության ազգային կենտրոնի Պատկերասրահում կայացավ «Ինքնաճանաչում․ Էրեբունի» ցուցահանդեսի բացման արարողությունը։

Այն ամփոփումն է 2021թ-ին մեկնարկած «Ինքնաճանաչում․ Էրեբունի» կրթական-հետազոտական և ստեղծագործական նախագծի, որ Գեղագիտության ազգային կենտրոնն իրականացրել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համատեղ։

Նախագիծը նվիրված էր ճարտարապետությամբ, տեղակայմամբ և ներկայացվող նյութով բացառիկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին և այնտեղ ներկայացված հնագիտական ժառանգությանը: Կենտրոնի կերպարվեստի արվեստանոցների 6-17 տարեկան սաները մշակված հատուկ ծրագրով ուսումնասիրել են ուրարտական ժամանակաշրջանից մեզ ժառանգություն մնացած նյութը, այնուհետև իրենց աշխատանքներով տվել պատմական այդ շրջանի սեփական մեկնաբանությունը։

Այս նախագծով Գեղագիտության ազգային կենտրոնն ընդգծում է հայոց պատմությանն ու մեր արմատներին առավել խորությամբ անդրադառնալու այսօրվա հրամայականը։ Սա հրաշալի առիթ էր հատկապես նոր սերնդի համար՝ սեփական ինքնության ակունքները բացահայտելու և ինքնաճանաչմամբ ստեղծագործական նոր ազդակներ ստանալու համար։

«Ինքնաճանաչում․ էրեբունի» ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենան թեմատիկ հանդիպումներ, դասախոսություններ և վարպետության դասեր։

Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 1-ը։