Սասեքսի դուքսն ու դքսուհին հրապարակել են մեկամյա դստեր՝ Լիլիբեթի լուսանկարը, որն արվել է նրա մեկամյակի օրը՝ Մեծ Բրիտանիա կատարած ուղևորության ժամանակ:
Ինչպես գրում է Daily Mail-ը, արքայազն Հարին և Մեգան Մարքլը թագավորական կալվածքում պարտեզային թեթև միջոցառում են կազմակերպել՝ տոնական տորթով, փուչիկներով, խաղերով ու պիկնիկի համար նախատեսված սննդով:
Դատելով լուսանկարից՝ փոքրիկը ժառանգել է հոր վարսերի յուրահատուկ երանգը: Նշվում է, որ սա Լիլիբեթի երկրորդ պաշտոնական լուսանկարն է:
Փոքրիկը ծնվել է ԱՄՆ-ում այն բանից հետո, երբ Սասեքսները վայր են դրել թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորություններն ու սկանդալով հեռացել են երկրից: Նրանք հունիսի սկզբին վերադարձել են Մեծ Բրիտանիա՝ մասնակցելու թագուհի Էլիզաբեթ Երկրորդի գահակալման 70-ամյակի միջոցառումներին: Այս այցի ընթացքում թագուհին առաջին անգամ ծանոթացել է փոքրիկ Լիլիբեթի հետ, որին, ի դեպ, ծնողներն անվանակոչել են ի պատիվ թագուհու (հարազատները միապետին դիմում են Լիլիբեթ):