Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդի և թագուհի Սոնյայի ավագ դուստրը՝ 50-ամյա արքայադուստր Մարթա Լուիզը, նշանադրվել է 47-ամյա աֆրոամերիկացի Դյուրեկ Վերեթի՝ վեցերորդ սերնդի շամանի հետ։ Այս մասին հայտնում է թագավորական պաշտոնական կայքը։
«Արքայադուստր Մարթա Լուիզը և Դյուրեկ Վերեթն այսօր հայտարարել են իրենց նշանադրության մասին: Նորին Մեծություն Թագավորը և Նորին Մեծություն Թագուհին իրենց ամենաանկեղծ շնորհավորանքներն են հղում և մաղթում ամենայն բարիք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Զույգի հարաբերությունների մասին հայտնի է դարձել 2019թ.: Մարթա Լուիզը իր զուգընկերոջը գտել է, երբ փորձում էր հաղթահարել ամուսնալուծությունը: Նա բացահայտ հետաքրքրված էր միստիցիզմով։ Տեղացիները նրան տարօրինակ էին համարում։
Վերեթը մասնավոր սեանսներ է անցկացնում և ասում է, որ կարող է օգնել մարդկանց առողջանալ հիվանդություններից և հաղթահարել սթրեսը։ Շամանի կայքում ասվում է, որ նրա հաճախորդների թվում են դերասանուհիներ Նինա Դոբրևը և Գվինեթ Փելթրոուն։