Ջոնի Դեփը, կարծես, պատրաստվում է հրաժարվել 15 միլիոնից, որն իրեն պետք է վճարի իր նախկին կինը՝ դերասանուհի Էմբեր Հերդը։
Օրեր առաջ ավարտվեց հոլիվուդյան ամենաաղմկահարույց դատավարությունը Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի միջև։ Դերասանը կարողացավ դատարանին ապացուցել, որ իր նախկին կինը զրպարտել է իրեն՝ մեղադրելով սեռական և ընտանեկան բռնության համար։ Արդյունքում դատարանն Էմբեր Հերդին պարտավորեցրեց դերասանին վճարել 15 միլիոն դոլար։ Այս որոշմանը հաջորդեց տեղեկությունը, որ դերասանուհին ֆինանսական լուրջ խնդիրներ ունի, չի կարող վճարել գումարը և պատրաստվում է բողոքարկել վճիռը։
Այնուամենայնիվ, միանգամայն հնարավոր է, որ Ջոնի Դեփը հրաժարվի Էմբեր Հերդի պարտքից։ Այս մասին օրերս հայտարարել է դերասանի փաստաբաններից մեկը՝ Բեն Չուն։
«Մենք չենք կարող բացահայտել փաստաբանի և հաճախորդի փոխգործակցության մանրամասները, բայց, ինչպես Դեփն էր պնդում դատարանում, խնդիրը երբեք գումարը չի եղել: Խոսքը հեղինակության վերականգնման մասին էր։ Եվ նա դա արեց»,- ասել է նա: