Անջելինա Ջոլին ֆիլմ է նկարահանում Սալմա Հայեկի մասնակցությամբ

Ռեժիսոր և դերասանուհի Անջելինա Ջոլին նկարահանում է իտալացի գրող Ալեսսանդրո Բարիկոյի «Առանց արյան» վեպի ադապտացիան, հայտնում է Collider-ը։

Պարբերականի տվյալներով՝ հոլիվուդյան աստղն այս գրքի հիման վրա նկարահանվող ֆիլմի ռեժիսորը, սցենարիստն ու պրոդյուսերն է։ Նա դերասաններ Սալմա Հայեկին և Դեմիան Բիչիրին հրավիրել է նկարահանվելու իր նոր ֆիլմում։

Ֆիլմի մանրամասները գաղտնի են պահվում։

Գիրքը պատմում է Նինա անունով մի աղջկա մասին, որն ականատես է լինում իր ընտանիքի դաժան սպանությանը։ Սակայն նրան հաջողվում է փրկվել՝ շնորհիվ մի մարդու։ Շատ տարիներ անց Նինան պետք է հանդիպի նրան, ով փրկել է իրեն մանկության տարիներին։ Նա կրկին կսուզվի ապրած սարսափի հիշողությունների մեջ:

«Ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ՝ Իտալիայում՝ այս յուրահատուկ գործը նկարահանելու համար, մեծ պատիվ է նաև այն, որ Ալեսսանդրո Բարիկոն ինձ վստահել է իր գրքի էկրանավորումը՝ իր եզակի պոեզիայով, էմոցիաներով և պատերազմի վերաբերյալ տեսանկյունով, և այն հարցերով, որոնք նա տալիս է. ի՞նչ ենք մենք փնտրում վնասվածքից, կորստից կամ անարդարությունից հետո»,-  ասել է Ջոլին։

Նկարահանումներն արդեն սկսվել են Իտալիայի հարավում և Հռոմում։