Ամերիկյան փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը պաշտոնապես ամուսնացել է երիտասարդ ընկերոջ՝ ծագումով իրանցի Սեմ Ասղարիի հետ: Միջոցառումը կայացել է հինգշաբթի երեկոյան աստղի՝ Կալիֆոռնիայում գտնվող առանձնատանը, գրում է Daily Mail-ը:
40-ամյա Սփիրսը դեպի խորան է քայլել Էլվիս Փրեսլիի Can’t Help Falling In Love երգի հնչյունների ներքո: Հատուկ այս առիթի համար հեղինակավոր Versace նորաձևության տունը Սփիրսի համար հարսանեկան զգեստ է կարել: Ընկերության կրեատիվ դիզայներ Դոնաթելա Վերսաչեն նշել է, որ երգչուհու հետ աշխատելը հաճելի և ուրախ է եղել:
Հայտնի է, որ միջոցառմանը ներկա են եղել մի շարք աստղային հյուրեր, այդ թվում՝ հոլիվուդյան դերասանուհի Դրյու Բերիմորը, երգչուհի Մադոննան, մոդել, դերասանուհի Փերիս Հիլթոնը, Դոնաթելա Վերսաչեն: Մինչդեռ Սփիրսի հայրը, մայրը, քույրն ու երկու որդիները բացակա են եղել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սփիրսի նախկին ամուսինը Ջեյսոն Ալեքսանդրը փորձել է խափանել աստղի պսակադրությունը, սակայն անվտանգության աշխատակիցները կանգնեցրել են նրան: