Էմբեր Հերդի ներկայացուցիչը հերքել է այն լուրերը, թե «Ակվամեն»-ից ամբողջությամբ հեռացրել են դերասանուհու մասնակցությամբ կադրերը

Երեկ արևմտյան Just Jared տաբլոիդը հայտնել էր, որ Warner Bros. որոշել է ամբողջությամբ հեռացնել Էմբեր Հերդի մասնակցությամբ կադրերը «Ակվամեն»-ի երկրորդ մասից։ Հաղորդվում էր, թե այժմ կինոստուդիան պատրաստվում է նոր քասթինգ անցկացնել, իսկ հետո վերանկարահանել այն դրվագները, որոնցում նկարահանվել է դերասանուհին։ Սակայն աստղի ներկայացուցիչը հերքել է այս տեղեկությունը։

Ըստ նրա՝ Էմբերի «հեռացման» մասին լուրերը պարզապես բամբասանք են.

«Բամբասանքները շարունակվում են առաջին իսկ օրվանից՝ ոչ ճշգրիտ, աննկարագրելի և երբեմն խելագար մտքերով», – ասել է դերասանուհու ներկայացուցիչը:

Ի դեպ, դեռ 2020 թվականին Ջոնի Դեփի երկրպագուները առցանց ստորագրահավաք էին ստեղծել՝ պահանջելով դերասանուհուն հեռացնել Aquaman-ի երկրորդ մասից։ Այն արդեն հավաքել է ավելի քան 4 միլիոն ստորագրություն։