Թատրոնը և կինոն ևս մեկ գույն կորցրեցին. տեղի ունեցավ Ռաֆայել Քոթանջյանի հոգեհանգստի արարողությունը

Ռաֆայել Քոթանջյանը յուրահատուկ գույն էր, տարբերվող կերպար. թատրոնը և կինոն կորցրին մեծ արտիստի: Արվեստի գործիչները, ընկերները, մտերիմները, գործընկերներն ու երկրպագուները հունիսի  15-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցեցին ՀՀ ժողովրդական արտիստի հոգեհանգստի արարողությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  բեմադրիչ, Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանն ասաց ՝ Քոթանջյանի հետ 20 տարի շարունակ միասին աշխատել են դրամատիկական թատրոնում, և իր մի շարք բեմադրություններում նա եղել է փայլուն դերակատար:

«Շատերը նրան գիտեն որպես կատակերգական դերասան, բայց դա այդպես չէ: Ռաֆայելը որպես արտիստ բավականին մեծ հնարավորություններով մարդ էր: Իմ  ճանաչած արտիստներից նա ամենաինտելեկտուալ դերասաններից մեկն էր, իսկ ես քչերին չէ, որ գիտեմ: Իր մասնագիտությունը խորապես ուսումնասիրած մարդկանցից մեկն էր: Նա հենց այնպիսի ժեստ, ինտոնացիա, դադար, խոսքի ազատություն, դիմախաղ չէր անում, ամեն ինչ մտածված էր»,- շեշտեց Խանդիկյանն ու հավելեց, որ հաճախ են ասում՝ անփոխարինելի մարդիկ  չկան, բայց արտիստների մեջ կան անկրկնելի մարդիկ, ինչպես Քոթանջյանը:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ Հակոբ Ղազանչյանի խոսքով՝ հայ կինոն և թատրոնը հրաժեշտ տվեցին մեծատառով մի արտիստի, ազնվագույն, կիրթ ու օրինավոր անձնավորության, որի տեղը լրացնել պարզապես հնարավոր չէ:

Նկարիչ Մայիս Մխիթարյանն էլ ընդգծեց, որ Ռաֆայել Քոթանջյանը շատ գունեղ արտիստ էր, և ցավոք այդ գույնը պակասեց բոլորի կյանքից: «Նա շատ կերպարային արտիստ էր, ցավոք՝ այսօր շատ քչերը կան, որ կերպար են ստեղծում: Նա առանց դիմակի, բայց ամեն անգամ նոր դիմակով փայլուն կերտում էր իր կերպարները: Ես ցավում եմ մեզ բոլորիս համար, որ կորցրեցինք այդ բազմակերպար արտիստին»,- ասաց նա:

Ռաֆայել Քոթանջյանի հոգեհանգստի արարողությանը ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: