«Ես դեռ սիրում եմ Ջոնի Դեփին». Էմբեր Հերդ

Վերջերս դերասանուհի Էմբեր Հերդն իր առաջին հարցազրույցն է տվել իր նախկին ամուսնու՝ Ջոնի Դեփի դեմ դատական գործը պարտվելուց հետո։ Նա NBC հեռուստաալիքի լրագրող Սավաննա Գաթրիի հետ զրույցում անկեղծ խոստովանություն է արել։ Նա խոստովանել է, որ դեռ զգացմունքներ ունի նախկին ամուսնու նկատմամբ։

«Ես սիրում եմ նրան։ Ես սիրում էի նրան ամբողջ սրտով: Ես ամեն կերպ փորձում էի վերականգնել փլուզված հարաբերությունները, բայց չկարողացա։ Ես նրա նկատմամբ ոչ մի վատ տրամադրվածություն չունեմ։ Ես գիտեմ, որ դա դժվար է հասկանալ: Սա կհասկանան միայն նրանք, ովքեր երբևէ սիրել են»,- ասել է «Աքվամեն»-ի աստղը։

Ջոնի Դեփի նախկին սիրելին օրերս իր առաջին հարցազրույցն է տվել սկանդալային դատավարությունում պարտվելուց հետո։ NBC հեռուստաալիքի եթերում դերասանուհին ասել է, որ հասկանում է, թե ինչու է իր նախկին ամուսինն այդքան մեծ աջակցություն ստանում, և որ ատենակալների նկատմամբ նա բացասական վերաբերմունք չունի և ոչ մեկին չի մեղադրում։

«Ես նրանց չեմ մեղադրում: Ես իսկապես հասկանում եմ։ Նա սիրված կերպար է, և մարդիկ զգում են, որ ճանաչում են նրան: Նա իսկապես ֆանտաստիկ դերասան է»,- ասել է Հերդը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ավարտվեց հոլիվուդյան ամենաաղմկահարույց դատավարությունը։ Դերասանը կարողացավ դատարանին ապացուցել, որ իր նախկին կինը զրպարտել է իրեն՝ մեղադրելով ընտանեկան բռնության մեջ։ Արդյունքում դատարանն Էմբեր Հերդին պարտավորեցրեց դերասանին վճարել 15 միլիոն դոլար։ Այս որոշմանը հաջորդեց տեղեկությունը, որ դերասանուհին ֆինանսական լուրջ խնդիրներ ունի, չի կարող վճարել գումարը և պատրաստվում է բողոքարկել վճիռը։